Ոչինչ ակնհայտ չէր, բայց թող այս մասին վերլուծություններ անի ՀԱԿ-ը. Կարեն Քոչարյան

22:22 • 14.07.12

Այն կարծիքները, թե ակնհայտ էր, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ձեռնարկն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ նախապես հայտնի էր, որ անհրաժեշտ 44 ձայները չեն հավաքելու, ամենևին էլ ակնհայտ չէ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար:


Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրատապ հրավիրված ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հանդես են գալու ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ, որի օրակարգում լինելու է «Հարսնաքարի» միջադեպի հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նման նախաձեռնության իրագործման համար անհրաժեշտ էր ԱԺ առնվազն 44 պատգամավորների ստորագրություն, սակայն ստորագրահավաքին մասնակցեց ընդամենը 21 պատգամավոր:


«Էդ ինչի էր ակնհա՞յտ որ: Բայց կարծում եմ՝ գոնե հիմա «Հայ ազգային կոնգրես»-ը պետք է չընկնի տվայտանքների մեջ և վերլուծի, թե «Բարգավաճ Հայաստան»-ն իշխող կուսակցությանը այլընտրանք է՞, թե՝ ոչ»,-ասաց Կարեն Քոչարյանն ի պատասխան մեր այն հարցին, թե ինչո՞ւ, նախաձեռնվեց ստորագրահավաք, երբ սկզբից ևեթ ակնհայտ էր, որ այն տապալվելու է:


Նկատենք, որ ԲՀԿ-ն նշված խմբակցություններից ամենաշատ պատգամավորներ ունեցողն է, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վերջին օրերին տեխնիկապես ռեալ չէր համարում 44 ստորագրություն հավաքելը՝ հայտարարելով, որ իրենց պատգամավորների հիմնական մասը գտնվում է արտերկրում:



Ի պատասխան հարցին, թե Քոչարյանը հնարավոր համարո՞ւմ է այն, որ ԲՀԿ-ն ցանկության դեպքում կարող է արձակուրդից հետ կանչել իր պատգամավորներին, Կարեն Քոչարյանն ասաց. «Ես համարում եմ, թե՝ ոչ, մի բան է, կարևորը՝ ՀԱԿ-ը հնարավո՞ր է համարում, թե՞ ոչ»:



Նշենք, որ այս թեման բուռն քննարկվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և բազմաթիվ օգտատերեր բարձրացնում են մոտավորապես հետևյալ հարցադրումը. «եթե գիտեին, որ 44 ձայն չեն հավաքելու, ուրեմն, ինչո՞ւ կազմակերպեցին ստորագրահավաքը: Օրինակ՝ նման գրառում է արել «Ձկան աչք» անունով գրանցված օգտատերը: Նա գրում է. «Հիմա ես չեմ հասկանում՝ Արզումանյանը դիտավորյալ է՞ պադնոժկա տալիս «Ժառանգությանը, թե՞ փայլուն ինտելեկտի խավարման արդյունքում, բայց ինձ մոտ նման անպատասխանատու մոտեցում պարզապես զազրանք է առաջացնում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք ի սկզբանե գիտեինք։ Բա որ գիտեիք, ինչո՞ւ ի սկզբանե կազմակերպեցիք, չե՞ք հասկանում, որ մարդկային կյանքի շուրջ քաղաքական ինտրիգներ ստեղծելն ու դիվիդենտներ քաղելը ոչ այլ ինչ է, քան ստորություն։ Եթե ի սկզբանե համոզված էիք, որ ԲՀԿ-ն Ձեզ չէր միանալու, կենտրոնանայիք նրա վրա ճնշում գործադրելուն՝ բացահայտ հայտարարությունների ու բանակցությունների միջոցով, բայց այս ողջ ընթացքում մենակ գզվռտվում էիք ՀԱԿ-ի հետ, թե ո՞վ է առաջինը նախաձեռնել։  Ընթերցող ջան, ու ամենալացելու զավեշտը նրանում է կայանում, որ էս քաղաքական միկրոբներն ու տկարները, ովքեր նույնիսկ 30 ստորագորության չկարողացան հավաքել, հիմա խոսում են միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու մասին»:


Այնպես որ, «Ձկան աչքը» Աժ-ում ներկայացված կուսակցություններին հետևյալ խորհուրդն է տալիս՝ միասնաբար իջնել ԱԺ բուֆետ և «միասնաբար մեղր ու պոպոք ուտել»:

 

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի