Սարյան փողոցում քամու հետևանքով հաստաբուն ծառը ընկել է «Օպելի» վրա (լուսանկարներ)

21:19 • 14.07.12

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.30-ի սահմաններում Սարյան 27 շենքի մոտ հաստաբուն ծառը քամու հետևանքով շրջվել և ընկել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:


Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղյակ են պահվել «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ պատասխանատուները, սակայն, բնակիչները, չսպասելով նրանց ժամանմանը, իրենց ուժերով ճոպանների միջոցով կարողացան ծառը «Օպելի» վրայից հեռացնել:


Քիչ առաջ ժամանեցին նաև «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցները և սկսեցին հեռացնել ծառը նշված տարածքից, քանի որ այն ծառի արմատները գետնի տակից  վնասել են ասֆալտը:

 

Բարեբախտաբար ծառի ընկնելու արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածը վտանգավոր էր, քանի որ ծառի ընկնելու վայրում կար բակային տաղավար («բեսեդկա») և, բացի այդ, այդտեղ հաճախ երեխաներ են խաղում:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մեկ այլ հաստաբուն ծառ էլ ընկել էր կրկին Երևանի կենտրոնում՝ Սայաթ Նովայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում՝ վնասելով երկու «ԲՄՎ» ավտոմեքենաներ:
 


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի