Ամառային Ճամբար՝ շուշեցի մանուկների համար

09:37 • 14.07.12

ԼՂՀ Շուշի քաղաքի «Նարեկացի» արվեստի միության կենտրոնում հուլիսի 9-ին իր սկիզբն ազդարարեց «Արամ Մանուկյան» մանկական ճամբարը: Ամենամյա ամառային Ճամբարի բացման կապակցությամբ կազմակերպվել էր տոնական համերգ, որտեղ հանդես են եկել ՆԱՄ Շուշիի կենտրոնի երգչախումբն ու թատերական խումբը՝ «Հրաշագործ ծաղիկը» ներկայացմամբ:


Ինչպես հայտնում են են Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունից, ճամբարականներին ողջունել են «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանն ու ճամբարի կազմակերպիչներ Աիդա և Հայդուկ Շամլյանները:


Տեղեկացնենք, որ արդեն ութերորդ տարին է, ինչ Աիդա և Հայդուկ Շամլյաններն իրենց իսկ նախաձեռնությամբ կազմակերպում են ամառային Ճամբար շուշեցի մանուկների համար: Առաջին անգամ ճամբարը կազմակերպվել է 2004 թվականին, ոին մասնակցել է շուրջ երեսուն երեխա:


Չնայած այս տարի նախատեսված էր ճամբարում ընդգրկել ութսուն մասնակից, սակայն երեխաների թիվն այժմ հասնում է երկու հարյուրի: Ճամբարին մասնակցում են 5-12 տարեկան փոքրիկ շուշեցիները: Երեխաները բաժանված են տարիքային չորս խմբերի:
Ի դեպ, նկատենք, որ խմբերը կոչված են Արևմտյան Հայաստանի գավառների անուններով:


Ըստ հաստատված օրակարգի, ճամբարային օրը սկսում է առավոտյան ժամը 10:00-ից և ավարտվում 17:00-ին: Այս ժամերի ընթացքում երեխաները զբաղվում են ձեռարվեստով, խաղերով և ֆիլմերի դիտումով: