ՄԱԿ-ը կհետաքննի Թրեմսեի սպանդը

16:59 • 14.07.12

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները մեկնել են Թրեմսե գյուղ՝ զբաղվելու զանգվածային սպանդի մասին տվյալների ուսումնասիրությամբ, որոնց համաձայն դա տեղի է ունեցել հինգշաբթի օրը, հայտնում է BBC-ն: Եթե այս սպանդի իսկությունը հաստատվի, ապա դա կհամարվի վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցած ամենամեծ կոտորածը:

 

Թրեմսեն գտնվում է Համա քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այստեղ հինգշաբթի օրը մոտ 200 մարդ է սպանվել, ինչը միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է:

Սիրիայի իշխանությունները պնդում են, որ Թրեմսեում ռազմական գործողություն է իրականացվել զինյալների դեմ, իսկ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում:

Փոխարենը ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնը հայտնել է, որ «անվիճելի ապացույցներ գոյություն ունեն այն մասին, որ ռեժիմը կանխամտածված սպանել է խաղաղ քաղաքացիներին»:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ից պահանջել են համակարգել գործողությունները՝ ընդունել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն բանաձև, որը թույլ կտա ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում: