Ապարանում «ԳԱԶ 24»-ը ընկել է փոսը, 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

13:33 • 14.07.12

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 58-ամյա Էդվարդ Բաբայանը, վարելով «ԳԱԶ -24» մակնիշի 63 ՕԼ 174 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի «Գնթունիք» սուպերմարկետի մոտ դուրս է եկել ճանապարհից, մայթն անցել և ընկել փոսը:

Վթարի արդյունքում վարորդը և 25-ամյա Ռուբեն Բաբայան, 16-ամյա Էրիկ Մուսայելյանը, 18-ամյա Մերի Ծուղունյանը, 54-ամյա Նվարդ Ծուղունյանը, 47-ամյա Զարդարիկ Ծուղունյանը տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխվածների վիճակը գնահատվում է կայուն ծանր: 

Դեպքի վայր է ժամանել 1-03 շտապբուժօգնության բրիգադը: Դեպքի վայր են ժամանել նաև 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի քննիչ Սիրեկան Պողոսյանը:

Քննիչի հանձնարարականով վթարի ենթարկված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ապարանի բաժնի տուգանային հրապարակ:


Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով, նշված մեքենայի ուղևորները գնում էին զորամաս՝ մասնակցելու երդման արարողության: