Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում է
«Ժառանգության» հիմնադիր, ԱԺ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական վկայականը դեռ գտնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը և հավելեց. «Մենք, ինչպես հայտնի է, հայտարարել էինք պատգամավորների վկայականների ստացման արարողության մասին, բոլորը ստացել են՝ բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, ով մինչ այժմ չի ներկայացել»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Հարսնաքարի» գործն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի տակ իրենց ստորագրությունները դրած պատգամավորների թվում չկար Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրությունը, ինչի վերաբերյալ կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնել էր. «Հասկանալի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս նախաձեռնության հեղինակներից է, իսկ նրա ստորագրության բացակայությունն ընդամենը տեխնիկական էր: Պարոն Հովհաննիսյանը բացակայում էր Երևանից և այս ընթացքում մշտապես իր աջակցությունն է հայտնել այս նախաձեռնությանը»:
Ի պատասխան հարցին, թե մանդատ չվերցնելը կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավոր չհամարվի, Հերմինե Հարությունյանը նշեց, որ նա համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է և ներառված է ԿԸՀ՝ մայիսի 6-ի համամասնական ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անունն առկա է նաև «ժառանգություն» խմբակցության կազմում:









