Մաշտոցի պուրակում կայացավ «Մոլորված քաղաքի ուրվականը» վավերագրական ֆիլմի պրեմիերան

17:58 • 15.07.12

Մաշտոցի պուրակում, երեկ երեկոյան հերթական բացօթյա կինոդիտումն էր: Առաջին անգամ ցուցադրվում էր «Մոլորված քաղաքի ուրվականը» վավերագրական ֆիլմը, որը պատմում էր Երևանի կերպարանափոխության մասին:


«Էրեխեքի ձայնը, նարդու շխկոցը, ղուշբազները աղունիկներ են թռցնում, ժավելի սպիրտ են գոռում, դանակ-մկրատ սրեմ... այ էդ ձայնը մենք կորցրինք: Հիմա Երևանում ագռավներ են, բայց Երևանը ագռավների քաղաք չէր էլի»,- ֆիլմը սկսվում է քաղաքի հին բնակիչներից մեկի նման գնահատականով, ինչը կիսում է նաև ֆիլմի հեղինակը` 19-ամյա Լիանա Սմբատյանը:


Ֆիլմում Բյուզանդի փողոցի մասունքներն են, որոնց մի մասը ոչնչացումից փրկել և ֆիլմում ներկայացնում են լուսանկարիչ Հայկ Բիանջյանը, ինչպես նաև Բյուզանդի նախկին բնակիչներից Սեդրակ Բաղդասարյանը:


«Երևանը մոլորված քաղաք է՝ քաղաքի ուրվական, որովհետև այն ոգին, որ պետք է ունենա քաղաքը, ռիթմը, տեմպը, այդ ամենը մահացել է` Աբովյանի զբոսանքներ, բակային տները, ընդհանուր բակերում լվացքները չկան»,- Tert.am-ի հետ զրույցում նշում է ֆիլմի հեղինակը և ավելացնում, որ նկարել այսպիսի ֆիլմերն անհրաժեշտություն է: «Այս ֆիլմը՝ մահացած քաղաքի նոստալգիան է»,- ասաց նա:


Երիտասարդ հեղինակը հստակեցնում է ինքը ոչ թե դեմ է նորին, այլ դեմ հնի ոչնչացմանը:


Ի դեպ, նա նշում է, որ երբ ինքը հարցում է անցկացրել պատանիների շրջանում, նրանցից մեծ մասը կողմ է եղել Բյուզանդի փոխարեն նոր` Հյուսիսային պողոտային: Այստեղից նա եզրակացնում է, որ երիտասարդները եղածն արժևորելու խնդիր ունեն:
« Հույս ունեմ, որ նման ձևով էլ կնպաստենք սերնդի դաստիարակմանը, որը կգնահատի այն արժեքը, որը կա, այդ խնդիրը իրոք կա»,-եզրափակեց նա: