Սևանում փրկարարաները փրկել են վթարի ենթարկված «Յամահա» ջրային մոտոցիկլետի ուղևոր երեք երիտասարդի (թարմացված)

17:07 • 15.07.12

Այսօր՝ հուլիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Tert.am-ին Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.10-ի սահմաններում Սևանա լճում շրջանցային հերթապահություն իրականացնող փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Մկրտչյանը «Զեփյուռ» լողափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել է շրջված «Յամահա» մակնիշի ջրային մոտոցիկլետ և երկու քաղաքացիներ:


Ջրափրկարարների իրականացրած փրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս են բերվել Բյուրեղավան քաղաքի բնակիչներ 32-ամյա Գասպար Վանոսյանը և 31-ամյա Սամսոն Վանոսյանը,որոնց տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

 


18.55

 

Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ նմանատիպ մեկ այլ դեպքի արդյունքում փրկարարաները փրկել են ևս մեկ երիտասարդի: Մասնավորապես, ժամը  17:55-ի սահմաններում Սևանա լճում շրջանցային հերթապահություն իրականացնող խումբը՝ կրկին փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, «Բոհեմյան Ռեզորտ» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ ափից մոտ 400 մ հեռավորության վրա, նկատել է շրջված «Յամահա» մակնիշի ջրային մոտոցիկլետ և քաղաքացի: Ջրափրկարարների իրականացրած փրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Երևան քաղաքի բնակիչ 39-ամյա Բաբկեն Տիգրանյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: