Մալաթիայի Սբ Երրորդություն եկեղեցու բակի ցայտաղբյուրն անջատել էին, որ երեխաները պատարագը չխանգարեն (տեսանյութ)

17:50 • 15.07.12

Մալաթիա-Սեբաստիա համայնքի երեխաներն այսօր առավոտյան անհամբեր սպասում էին Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում տոնական պատարագի ավարտին, որպեսզի եկեղեցու բակում կարողանան ուզածին չափ «ջրոցի» խաղալ: Տեր Եսայի քահանա Արթենյանը պահակին հրահանգել էր եկեղեցու բակի ցայտաղբյուրն անջատել, քանի որ նրանց աղմուկը խանգարում էր պատարագին: «Եթե միացնեմ, գիտե՞ս ինչ կսարքեն այստեղ: Այ պատարագն ավարտվի` խնդրեմ, ինչքան ուզում են թող խաղան, եթե խելոք պահեն իրենց հիմա էլ կմիացնեմ, բայց չէ, շատ են աղմկում»,- Tert.am-ի հետզրույցում ասաց պահակը:

 

Իսկ երեխաներին փակ ցայտաղբյուրը չէր խանգարում էլի բակ գալ ու ջրել անցորդներին` հատկապես աղջիկաներին: Ջրոցի խաղացողները փորձում էին պահակի աչքից թաքուն ցատկել թփերի միջով ու ջուրը միացնել, արագ դույլերն ու շշերը լցնել, իսկ եթե նրանց մոտ դա չէր ստացվում` գնում էին մոտակա շենքերի բակերի ցայտաղբյուրներից լցնում: Նրանք դժգոհում էին այս ցայտաղբյուրներից, քանի որ ձեռքների տարանները դանդաղ էր լցվում ու հերթ էր գոյանում: Ավելի արագ տարան լցվելու համար ջուր էին խնդրում կողքի ավտոմեքենայի լվացման կետից:

Իսկ մինչև եկեղեցու բակ հասնելը, չոր չէին մնում պատահական անցորդները ու նույնիսկ անցնող մեքենաները: