«Տարոն Մարգարյան, սիրուն չի՛». ակտիվիստները պաստառները թողեցին Աբովյան 19–ում և հեռացան (լուսանկարներ, տեսանյութեր)
Քիչ առաջ Աբովյան 19 հասցեում կատարված շինարարության դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները հեռացան տարածքից՝ այնտեղ թողնելով «Տարոն Մարգարյան սիրուն չի», «Հանրային տարածքի զավթում» գրություններով պաստառներ։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին լուրեր տարածվեցին, որ Աբովյան փողոցում տարվա սկզբին ապամոնտաժված կրպակների տեղում շինարարություն է ընթանում:
Դեպքի վայր մեկնած լրագրողներին ու «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանին շինարարության աշղեկ Դավիթը ( նա չի ցանկացել ներկայանալ և անգամ իր անունն ասել է լրագրողների համառ խնդրանքներից հետո - Tert.am) հայտնել է, որ այս հասցեում պետք է կառուցվի սրճարան:
Դավիթը տեղեկացրեց նաև, որ աշխատանքներն իրականացնում է «Սահակյան շին» ընկերությունը:
Շինհրապարակում չկար որևէ ցուցանակ, որը կմատնանշեր, թե ինչ է կառուցվում: Աշղեկ Դավիթը չուներ իր մոտ որևէ փաստաթուղթ այդ վայրում շինարարություն իրականացնելու թույլտվության մասին, թեև նա պնդում էր, որ դրանք գոյություն ունեն:Վերջինս րոպեներ անց հրաժարվում էր ներկայանալ որպես աշղեկ:
Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ՀՀ ոստիկանություն հաղորդում հայտնեց ապօրինի շինարարության մասին: Շինհրապարակ ժամանած ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից տեսուչ Դավիդ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց որևէ փաստաթուղթ որևէ մեկը չի ներկայացրել, ինչի համար իրենք արձանագրություն են կազմել և կարգադրել են դադարեցրել շինաշխատանքները:
Բնապահպան Եղյա Ներսիսյանը, ով շինարարական աշխատանքների մասին լուրը լսելուն պես շտապել էր Աբովյան փողոց, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով աշխատանքները իրականացնում են այն նույն մարդիկ, ովքեր փորձում էին կրպակներ տեղադրել Մաշտոցի պուրակում:
«Միանշանակ նույն մարդիկ են, որովհետև նույն ձեռագիրն է: Իրենք ասում են, թե սա միայն սալիկապատման աշխատանքներ են, բայց պարզ երևում է փոսի խորությունից, որ այլ տիպի աշխատանքներ են ընթանում: Այստեղ ոչ մի պատասխանատու մարդ չկա, որ հարցնենք, թե սա ինչ է»,-ասաց նա:
Բնապահպանը հավաստիացրեց, որ թե՛ քաղաքացիները, թե՛ բնապահպան ակտիվիստները կանգնելու են Աբովյան փողոցի կողքին:
«Սա մեր երկիրն է, որտեղ որ ցավ կա պետք է կանգնենք ու արձագանքենք»,-ասաց նա:









