Աբովյան 19 հասցեում իրականացվող շինարարությունն այս պահին դադարեցված է (լուսանկարներ, տեսանյութեր)

16:07 • 16.07.12

Այսօր Երևանի Աբովյան 19 հասցեում կամ Աբովյան փողոցի վրա գտնվող նախկին կրպակների տեղում կեսօրից ընթանում էր շինարարական, իսկ ավելի կոնկրետ՝ տրակտորի միջոցով իրականացվում էր քանդման աշխատանքներ:

 

Արդեն մի քանի օր է, որ Աբովյան փողոցի կրպակների նախկին տարածքում, կարելի է տեսնել մեծ քանակությամբ շինանյութ՝ սալահատակ և ավազ:

 

Դեպքի վայր մեկնած լրագրողներին ու «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանին շինարարության աշղեկ Դավիթը ( նա չի ցանկացել ներկայանալ և անգամ իր անունն ասել է լրագրողների համառ խնդրանքներից հետո - Tert.am) հայտնել է, որ այս հասցեում պետք է կառուցվի սրճարան:

 
Ի պատասխան հարցին, թե ունե՞ն նշված վայրում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլատվություն, աշխեղկը վստահեցրել է, թե ունեն, սակայն ասել է, թե դա հաստատող համապատասխան փաստաթուղթն այդ պահին իր մոտ չէ: Շինարարությանը կից փակցված չի եղել կառուցվելիք շինարարության նախագիծը:

 

Հիշեցնենք, որ Մաշտոցի այգում կրպակներ տեղադրելու Կառավարության երբեմնի որոշումը, որն ավարտվեց տարբեր խմբերի՝ քաղաքացիական նախաձեռնությունների ու բնապահպանական ակտիվիստների չորս ամսվա ակտիվ պայքարի արդյունքում, հետևանք էր այն բանի, որ ապամոնտաժված կրպակների մի մասն Աբովյան փողոցից պետք է տեղափոխվեր Մաշտոցի պուրակ:

 
Աբովյան փողոցում կրպակների ապամոնտաժումը որպես անդրանիկ և այն ժամանակ դեռ՝ աննախադեպ որոշում, մեծ ուրախություն էր պատճառել շարքային երևանցիներին:


Լևոն Գալստյանը տեղեկանալով, որ աշղեկը նախագիծը մոռացել է տանը, զանգահարել է ՀՀ ոստիկանություն և այս մասին հաղորդագրություն է փոխանցել:


Տեղում պարզվել է նաև, որ շինարարությունն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը:


Չնայած այս պահին Աբովյան 19 հասցում շինարարությունը կասեցված է, սակայն լրագրողները տարածքից դեռ չեն հեռանում՝ այն հույսով, թե հնարավոր է «դեպքի վայր» ժամանի շինարարության սեփականատերը, ինչի առաջարկը հնչել է հենց լրագրողների կողմից:


Քիչ առաջ Աբովյան փողոց են եկել ոստիկանները, ովքեր ստուգում են փաստաթղթերը և կազմում արձանագրություն: