Վերջին տարիներին նկատվում է 17-ամյա աղջիկների ամուսնության նվազում

16:24 • 16.07.12

Ըստ վերջին հինգ տարիների վիճակագրության՝ 17 տարեկանում ամուսնացող աղջիկների թիվը, մեկ տարում, միջին հաշվով հասնում է 100-ի, իսկ 18 տարեկան ամուսնացողներինը՝ անցնում է 600-ի սահմանը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հիման վրա նման վիճակագրություն ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

 

«Վերջին տարիներին, սակայն 17-ամյա աղջիկների ամուսնության նվազում է նկատվում: Օրինակ՝ 2010թ-ին գրանցվել է 17-ամյա 57 աղջիկների ամուսնություն: Բարձրանում են 18-19 տարեկանների ամուսնության ցուցանիշները. 18-ամյա տղաների ամուսնության թիվը տարեկան հասնում է 40-ից 50-ի»,-տեղեկացրեց նա:

 

Կարինե Կույումջյանն անդրադարձավ նաև մինչև 17 և 18 տարիքային խմբերի գրանցված ամուսնությունների փաստին և նշեց, որ թեև քաղաքացիական կացության գրանցման բաժնում վերոնշյալ տարիքից ցածր ամուսնության փաստեր չկան՝ օրենքի արգելման պատճառով, սակայն մինչ օրս նման ամուսնությունները գրանցվում են:

 

«Մենք ունենք վիճակագրություն, երբ 15 և 16-ամյա աղջիկները երեխաներ են ունեցել: Անկախ այն հանգամանքից , որ չկան 15-ամյա ամուսնության գրանցումներ, սակայն նրանք երեխաներ են ունեցել և երեխաների ծնուդը գրանցվել է: 2010թ-ին 18 դեպք է գրանցվել, երբ 15 ամյա աղջիկը մայրացել է, նույն թվականին, 16-ամյա աղջիկների դեպքում, ծնունդների թիվը հասնում է 90-ի,17 տարեկանի դեպքում՝ ավելի քան 300 երեխայի»,-ներկայացրեց Կարինե Կույումջյանը:

 

Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցը նշեց, որ այսօր Հայաստանում տղաների համար ամուսնության միջին տարիքը՝ 2010-ի տվյալներով, 28-ն է, իսկ աղջիկների համար՝  24.5-ը:


Հարսանյաց սրահներից մեկի տնօրեն Քրիստինա Սեկոյանը նշեց, որ եթե մի քանի տարի առաջ հարսնացուների հիմնական մասը 17-18 տարեկան աղջիկներն էին, ապա այսօր այդ տարիքը մի փոքր բարձրացել է:


«Ամուսնացողների տարիքը հիմնականում տատանվում է 22-ից 42 տարիքային սահմաններում: Սակայն հիմնական մաս են կազմում 22-ից 27 տարեկանները: Տարիքային առումով, ամենամեծ հարսնացուն ունեցել ենք այս տարի, նա 49 տարեկան էր և նույնիսկ ազատվելով բարդույթից՝ հարսի զգեստ հագավ»,-ասաց նա:


Քրիստինա Սեկոյանը նաև նշեց, որ իր 26-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում վերջերս հանդիպեց մի դեպքի, երբ նշանադրվեց 14-ամյա աղջիկը: