Ամուսնանալիս էական է մարդու հոգեբանական հասունությունը. հոգեբան
Ամուսնանալիս ոչ այնքան էական է մարդու իրական տարիքը, որքան այն, թե որքանո՞վ է տվյալ անձը հոգեբանորեն հասուն, այսօր հրավիրված մամուլի ասուլում ասաց հոգեբան Աննա Բադալյանը՝ անդրադառնալով վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված այն որոշմանը, որով աղջիկների ամուսնության տարիքը 17-ից բարձրացվեց 18-ի:
«Կան 40 տարեկան անձինք, ովքեր ունեն 18 տարեկանի մտածողություն, ընկալումներ: Իսկ կան 18 տարեկաններ, ովքեր բավականին զարգացած ու հասունացած անձիք են: Մարդու ճիշտ զարգացման վրա մեծ ազդեցություն ունի ընտանիքը, ծնողների դերակատարումը նրա կյանքում և իր միջավայրը: Մեծ ազդեցություն ունի նաև հասարակությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ հոգեբանության տեսանկյունից գերադասելի կլինի, որ մարդն ամուսնանա 24-25 տարեկան հասակում:
Գինեկոլոգ Լիլիթ Կուջուլյանը ողջունեց Կառավարության վերոնշյալ որոշումը՝ որպես հիմնավորում բերելով այն հանգամանքը, որ աղջիկը 17 տարեկանում դեռևս լիովին հասունացած չէ:
«Աղջիկերի շրջանում կոնքային ոսկրի ձևավորումը տեղի է ունենում 18 տարեկանում, երբեմն հասնում մինչև 20 տարեկանի: Այսինքն, այս շրջանում ամուսնությունը և հղիությունը վտանգավոր է կնոջ համար: Վերարտադրողական տարիքը, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, համարվում է 25-30 տարեկանը:
Մանկածնման ամենանպաստավոր տարիքը 20-25 տարեկանն է»,- ասաց գինեկոլոգը և խորհուրդ տվեց բոլոր աղջիկներին, ովքեր ամուսնանում են 18 տարեկանում, երեխա ունենալ 20 տարեկանից հետո:
Գինեկոլոգ Լիլիթ Կուջուլյանը միաժամանակ համաձայնեց հոգեբանի հետ այն հարցում, որ բացի ֆիզիոլոգիական հասունությունից, զույգը հոգեբանորեն պետք է հասունացած լինի ընտանիք կազմելու համար:
Հարցին, թե օրենքի մեջ ընդամենը մեկ տարվա փոփոխություն մտցնելն արդյո՞ք իրականում որևէ նշանակություն ունի, բժիշկը տեղեկացրեց, որ մարդը ֆիզիոլոգիապես հասուն է համարվում հենց 18 տարեկանից սկսած:









