Սեպտեմբերի 15-ին Հայաստանում կանցկացվի համահայկական աղբահավաքություն
Հայաստանում սեպտեմբերի 15-ին կանցկացվի համահայկական աղբահավաքություն: Նախաձեռնության հեղինակը «Let’s do it! Armenia» շարժումն է:
Շարժման ղեկավար Արսեն Գասպարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ նախաձեռնության գաղափարը ոչ միայն Հայաստանում կուտակված աղբը տեսակավորելն է, այլ նաև հասարակության շրջանում դաստիարակչական աշխատանքներ իրականացնելը:
«Հենց այս նպատակով մենք աշխատանքներին ներգրավելու ենք նախևառաջ դպրոցականներին, քանի որ երկիրը մաքուր պահելու գաղափարն առաջին հերթին պետք է սերմանել երեխաների մեջ: Այնուհետև կներգրավենք երիտասարդներին ու բոլոր ցանկացողներին»,-ասաց նա:
Բանախոսը նշեց, որ այս պահին դեռ չի կարող ասել, թե որքան մարդ հնարավորություն կունենա մասնակցելու աղբահավաքին։ Նա նաև նշեց, որ իրենց ֆինանսական միջոցներն այս պահին չեն բավականացնում ներգրավելու բոլոր ցանկացողներին:
Արսեն Գասպարյանը նկատեց, որ սա կամավորության հիման վրա իրականացվող նախաձեռնություն է և դրսից որևէ ֆինանսավորում չունեն: Այդ իսկ պատճառով իրենք փորձում են աշխատանքներին ներգրավել բիզնես ոլորտի ներկայացուցիչների:
«Սակայն բիզնես ոլորտն այնքան էլ չի արձագանքում մեր միջոցառմանը: Թեև որոշակի պայմանավորվածություններ կան, սակայն դրանք նախնական են: Պետական կառույցներից շարժմանը միացել է ՀՀ ոստիկանությունը և Բնապահպանության նախարարությունը»,-տեղեկացրեց նա:
Շարժման ղեկավարը կոչով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ շարժմանը միանալու և աջակցելու համար:
«Կառավարությունից ակնկալում ենք նյութական աջակցություն՝ գործիքների տրամադրման, աղբի տեղափոխման, տրանսպորտի համար: Իսկ նախագահից այն, որ պարզապես միջոցառումն անցկացվի իր հովանու ներքո: Եվրոպական մի շարք երկրներում այս միջոցառումն անցկացվում է հե՛նց երկրի ղեկավարի հովանու ներքո»,- նկատեց Արսեն Գասպարյանն ու ավելացրեց, որ նախագահին ու վարչապետին արդեն նամակ են ուղարկել:
Արսեն Գասպարյանը նաև նշեց, որ միջոցառումն անցկացնելու համար անհրաժեշտ է 30 մլն դրամ և մոտ 5000 մարդու մասնակցություն:
Նշենք, որ ամբողջ աշխարհում՝ մարտի 24-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվում է «Let’s Do It! World» համաշխարհային էկոլոգիական շարժումը:









