Ռուսական զբոսանավը մոլորվել է Բերմուդյան եռանկյունում
Ռուսական «Սկորպիուս» զբոսանավը, որն իրականացնում էր շուրջերկրյա ճանապարհորդություն, մոլորվել է Բերմուդյան եռանկյունում, այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով արշավախմբի մամլո-քարտուղար Աննա Սուբոտինային:
Հուլիսի 13-ին նավին կայծակ էր հարվածել, ինչի արդյունքում նավի բոլոր սարքավորումները խափանվել էին` բացի արբանյակային տեղորոշման համակարգից:
Այսօր «Սկորպիուսի» նավապետին հաջողվել է կապ հաստատել, և նա պատմել է, որ միջադեպի արդյունքում ծովագնացները չեն տուժել: Նա նաև նշել է, որ անձնակազմը խուճապի չի մատնվել և չի հավատում Բերմուդյան եռանկյունու լեգենդին, ըստ որի, եռանկյունում հայտնվող նավերն ու ինքնաթիռները կորչում են:
Այնուամենայնիվ, նավապետը պատմել է, որ ամպրոպի ժամանակ անձնակազմի բոլոր անդամները տեսել են, թե ինչպես են ջրից դուրս գալիս ջրային ուղղահայաց ամպեր, որոնք նման են մշուշե պատի, և հսկա լուսային շրջանակներ, որոնք անընդհատ հայտնվում են և անհետանում:
Նշենք, որ զբոսանավին դեռևս չի հաջողվել դուրս գալ Բերմուդյան եռանկյունուց և այն մնում է նույն տեղում:









