Դամասկոսում ինտենսիվ մարտեր են ծավալվել
Սիրիական ընդդիմությունը տեղեկացնում է մայրաքաղաք Դամասկոսի հարավում` պաղեստինցի փախստականների ճամբարի մոտակայքում ընթացող կատաղի մարտերի մասին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, քաղաքացիները լքում են իրենց տները:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երեկ Սիրիայում առկա հակամարտությունը քաղաքացիական պատերազմ էր որակել: Դա նշանակում է, որ հակամարտող կողմերը կարող են պատասխանատվության ենթարկվել Ժնևյան կոնվենցիան խախտելու համար, որով խաղաղ բնակիչների սպանությունները ռազմական հանցագործություն են որակվում:
Ավելի վաղ, Կարմիր խաչը ռազմական գոտիներ էր հայտարարել միայն Իդլիբի, Հոմսի և Համայի շրջանները:
ՄԱԿ-ն իր հերթին սիրիական իշխանություններին մեղադրել էր Համա քաղաքի մերձակա Թրեմսե գյուղում ծանր տեխնիկա, տանկեր և ուղղաթիռներ օգտագործելու համար, սակայն Դամասկոսը պնդում է, որ այդ մեղադրանքները արդարացված չեն և ընդունում է միայն երկու խաղաղ բնակչի մահը` «հակաահաբեկչական գործողության ընթացքում»:









