Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններն աչքի են ընկնում ջերմությամբ. Գարեգին Բ

14:41 • 16.07.12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկու և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի, այս մասին տեղեկացնում եմ Մայր Աթոռի լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունել է կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ:


Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի և Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով նաև կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Նորին Սրբությունը բարձր է գնահատել վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ:


Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:


Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին:


Իր հերթին, կարդինալ Սանդրին ևս ուրախություն է հայտնեց հանդիպման առիթով և անդրադարձել Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:


Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:


Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել են Մայր Տաճար, աղոթք բարձրացրել Իջման Ս. Սեղանի առջև: