Վերջին անձրևներից հետո Սևանից ջուր բաց թողնելու մասին որոշումը պետք է վերանայվի. բնապահպան

11:12 • 16.07.12

 «Կայուն զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի գնահատմամբ՝ Երևանում և հանրապետությունում վերջին 20 օրում արձանագրված տեղումների հետևանքով իրավիճակ է փոխվել, որի առկայության պայմաններում կարող է և պետք է վերանայվեն ՀՀ կառավարության և Ազգային ժողովի որոշումները՝ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին:

 

«Անձրևները միանշանակ օգնում են, որովհետև, նախ, փոխվում է միկրոկլիման, հետո, նայում եմ, ոչ միայն Երևանում է, այլև Արագածոտնի մարզում, Արարատյան դաշտում, այսինքն՝ հենց այն վայրերում, որոնք առավել ոռոգման կարիք ունեն: Իհարկե, դա 100 տոկոսով չի կարող փոխարինել ջրի բաց թողնմանը, բայց կարծում եմ, որ մի 70 տոկոսով կփոխարինի. բավականին հորդառատ անձրևներ էին, հողը խոնավանում է, գրունտային ջրերն են հարստանում»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

 

Ի դեպ, մեր այն հարցին, թե այս հորդառատ անձրևների պայմաններում կարե՞լի է խոսել երաշտի և չորային կլիմայի մասին, տիկին Դանիելյանը ծիծաղելով ասաց՝ «թաց երաշտ է»:

 

Բնապահպանի վերոնշյալ մեջբերումը «Արմքոմեդի»-ի ցուցադրած սյուժեից էր. տղաներից մեկը կանգնած է գյուղնախարարության շենքի մոտ՝ անձրևանոցը ձեռքին: Երբ ստուդիայից հարցնում են, թե ի՞նչ ասացին Կառավարությունից, վերջինս պատասխանում է՝ «որ երաշտ է, ասում են՝ գլխիդ անձրև՜ է գալիս», սրանից հետո գյուղնախարարության շենքի մոտ կանգնած երիտասարդը նախ առաջարկում է՝ չքաղաքականացնել հարցն ու հավելում, որ բացատրվել է, թե երաշտները տարբեր են լինում և սա էլ՝ «թաց երաշտ է»:



Իսկ որպես բնապահպան Կարինե Դանիելյանը Կառավարությունից հետևյալ բացատրությունն է ստացել, թե քանի որ ապրիլին և մայիսին անձրևներ չեն եղել, փոխարենը եղել են քամիներ ու այնպիսի կլիմայական պայմաններ, որ ձմեռվա ընթացքում տեղացած ձյունը հալվել և գետերը, լճերն ու ջրամբարները լցվելու փոխարեն, հալվել է ու ներծծվել է հողի մեջ:

 

«Ասվեց, թե ջրամբարները դատարկ են, լճերը նույնպես, գետերի հոսքն է շատ կրճատվել, դրա համար ստիպված ենք (Սևանա լճից ջուր - Tert.am) բաց թողնել»,- արձանագրեց Կարինե Դանիելյանը:

 

Մինչ «վերջին անձրևի» տեղալը (շաբաթ օրը Երևանում տեղացած - Tert.am) Կարինե Դանիելյանը հանդիպել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ և բարձրացրել այս հարցը, թե այս անձրևների պայմաններում ի՞նչ է լինելու ԱԺ որոշման հետ:

Արմեն Գևորգյանն էլ ասել է, որ գյուղերում վիճակն օրհասական է, կա ջրի ահավոր մեծ պահանջարկ և, որ իրենք ելնելով իրավիճակից, «ամեն լիտր ջուր խնայողաբար կօգտագործեն»:

 

Կարինե Դանիելյանը փոխվարչապետի այս խոսքերից ակնկալում է, որ Կառավարությունը գոնե Սևանից պակաս քանակությամբ ջուր բաց կթողնի, քանի որ որոշման մեջ նշված է՝ «մինչև 320 միլիոն խորանարդ մետր»:

 

«Կայուն զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի նախագահը հավելեց, որ իր՝ իբրև բնապահպանի համար անհասկանալի է այն միտքը, թե ջրամբարները չեն լցվել. «Որովհետև եթե երկու ամիս էնպես է եղել, որ անձրևներ չեն եղել, բայց շատ ձնառատ էր ու այդ ձյունը, որ հալվեց, հո չի՞ ցնդել Հայաստանից»:


Այսինքն, ըստ բնապահպանի, հալված ձյունը, ի վերջո, գրունտային ջրերից պետք է դուրս գար վերգետնյա մակարդակ։

 

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էլ օրերս հայտարարել էր, որ Սևանա լճից ջուր բաց թողնելու որոշումն ընդունվել է առանց հանրության ու շահագրգիռ անձանց հետ քննարկումների, ինչն Օրհուսի կոնվենցիայի խախտում է: