Սևանում ջրափրկարարները փրկել են ջրախեղդ լինող 58-ամյա տղամարդու կյանքը

19:14 • 16.07.12

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը՝ ենթասպա Արմեն Եփրեմյանի գլխավորությամբ, Սևանի թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ նկատել է խեղդվող մարդու:


Օգնության հասած ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Հրազդան քաղաքի բնակիչ, 58-ամյա Ստեփան Առաքելյանին և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ստեփան Առաքելյանը եղել է ոչ սթափ վիճակում և սկսել է խեղդվել ջուր կուլ տալու պատճառով: Բարեբախտաբար, Ս.Առաքելյանի կյանքին վտանգ չի սպառնում: