ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հաստատել է սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկի մահը
Սիրիայի ազատ բանակի ղեկավարներից Սալեհ ալ Սուբբայը սպանվել է Սիրիայի Թրեմսե գյուղում. ասված է ՄԱԿ-ի դիտորդների հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, 27 տեղաբնակների հարցաքննությունը ցույց է տվել, որ Թրեմսեի հարձակումն իրականացվել է հուլիսի 12-ի առավոտյան ժամը 05:00-ին:
Նախ զինվորները հետախուզել են տները և տղամարդկանցից պահանջել են անձը հաստատող փաստաթղթեր ցույց տալ: Դիտորդների հաղորդագրությունից, սակայն, պարզ չէ` խոսքը կառավարական զորքի զինվորների, թե ոստիկանության մասին է:
«Քննությունից հետո շատ մարդիկ սպանվել են, իսկ մյուսներին տարել են գյուղից»,- ասել են բնակիչները ցուցմունքներում:
Դիտորդները հաստատել են, որ հարձակումն ուղղված է եղել հակակառավարական ուժերի ակտիվիստների դեմ: Նրանք հաստատել են նաև որ գյուղում ծանր զինտեխնիկա է օգտագործվել:
Հիշեցնենք, որ թեև Համա քաղաքի մոտակայքում գտնվող այս գյուղում զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ,սակայն տեղեկություններ կան շուրջ 200 մարդու մահվան մասին: Սիրիայի կառավարությունը հերքում է խաղաղ բնակիչների զանգվածային սպանության մասին լուրերը, սակայն ընդունում է, որ «հակաահաբեկչական գործողություն է» իրականացվել:









