25-ամյա գյումրեցին Լոռիում դանակահարել է 21-ամյա գյումրեցուն. հանցագործությունը բացահայտված է (լուսանկարներ)

19:39 • 16.07.12

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ոստիկանության Լոռու և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Ոստիկանության Սպիտակի և Գյումրու բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ հայտնաբերվել է 25-ամյա Սեդրակ Սարգսյանը:


Ինչպես Լոռու մարզից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս.Սարգսյանը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվել է Գյումրիում:


Ս.Սարգսյանը հուլիսի 15-ին՝ 19.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գեղասար գյուղին հարակից Փամբակ գետի ափին գտնվող բացօթյա տաղավարներում հանգստանալու ժամանակ վիճաբանել է մեկ այլ հանգստացողի՝ Գյումրու բնակիչ, 21-ամյա Հայկ Հովհաննիսյանի հետ: Վիճաբանության ժամանակ Ս.Սարգսյանն իր ձեռքին եղած դանակով հարվածել է Հ.Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ մասին:


Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:


Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ.Հովհաննիսյանը ենթարկվել է վիրահատության, և նրա կյանքին վտանգ այլևս չի սպառնում:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Գևորգ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:


Քննիչի որոշմամբ Ս.Սարգսյանը ձերբակալվել է:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի