Ավազակային հարձակում կատարող բժշկական համալսարանի ուսանողը կալանավորվեց (տեսանյութ, լուսանկարներ)

00:12 • 17.07.12

Այսօր՝ հուլիսի 16-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Երջանիկ Գևորգյանը դիմել է Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարան որպեսզի` որպես խափանման միջող երկամսյա կալանք կիրառվի Վարդան Սահակյանի նկատմամբ:


Ինչպես Լոռու մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը:


Քիչ առաջ Վ. Սահակյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 175 հոդվածի 2-րդ մասին առաջին երկրորդ, երրորդ, և չորորդ կետերի (ավազակությունը որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան, կամ շինություն ապօրինի մուտք գործելով և զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր Քրեակատարողական հիմնարկ:


Ինչպես հուլսի 13-ին Լոռու մարզից հաղորդել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հուլիս 13-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խմբերը բացահայտել են այսօր գիշերը Սպիտակում տեղի ունեցած ավազակային հարաձակման դեպքը:


Սպիտակից Tert.am-ին ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամը 04.55-ի սահմաններում «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակից Վռամ Ղազարյանը Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգել է, որ ժամը 03.30-ի սահմաններում դիմակավորված երկու անհայտ անձ բաց պատուհանից մուտք են գործել կապի հանգույցի վարչական շենք, որը գտնվում է Սպիտակ քաղաքի Շահումյան 5 հասցեում, դանակի և պտուտակահանի սպառնալիքով իրեն կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից, որից հետո այնտեղ եղած վաճառասրահից հափշտակել են տարբեր տեսակի 11 հեռախոս և 3 հատ նոթբուք համակարգիչ:


Որոշ ժամանակ անց Ոստիկանության Լոռու մարզի վարչությունում ստեղծվել էր օպերատիվ խումբ, որտեղ ներգրավվել են նաև Սպիտակի ոստիկանները: Մինչև լուսաբաց Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, թե գիշերը այդ ժամին ովքեր են եղել նշված տարածքում:


Նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, Լոռու մարզի ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Սպիտակի Ոստիկանության բաժին բերման էին ենթարկել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Վարդան Սահակյանին: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վերջինս ոստիկաններին պատմել է իր ընկերոջ հետ կատարած հանցագործությունը և մատնացույց էր արել հափշտակված ապրանքների այն վայրը, որտեղ թաքցրել են գողոնը:


Գ. Շամշյանը տեղեկացրել էր, որ իր տեղեկություններով Վ. Սահակյանը սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսում` անվճար ուսման համակարգում:


Ոստիկանությանը հայտնի էր դարձել նաև նրա հանցակից ընկերոջ տվյալները, ում հայտնաբերելու համար օպերատիվ քննչական միջոցառումներ են ձեռնարկվում:


Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի