Սփյուռքում պարից չհասկացող ղեկավարներ կան, որոնք պարը դարձել են բիզնես. Սամվել Հարոյան

13:09 • 18.07.12

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հերթական փուլը՝ պարարվեստի օրերն արդեն ավարտվել են, այսօր փառատոնի պատասխանատուները Սփյուռքի նախարարությունից լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին արվածն ու ներկայացրեցին նախատեսվածը:


«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի տնօրեն Սամվել Հարոյանն ասաց, որ փառատոնի նպատակը՝ հայապահպանությունն է, այլ կերպ՝ հայահավաքությունը:


«Պարարվեստի պարերը գլխավոր նպատակին ծառայեցին: Լավագույն առիթներից մեկն է Սփյուռքի մեր երիտասարդությանը Հայաստան բերելու»,-ասաց նա և նշեց, որ Սփյուռքում բազմաթիվ հայկական պարախմբեր են գործում:


Ըստ նրա՝ միայն Ռուսաստանում դրանց թիվը անցնում է 150-ը, իսկ աշխարհում էլ՝ 300-ից ավելի է: Նա տեղեկացրեց, որ խմբերը ապահովվել են չորսօրյա կեցության և սննդի պայմաններով, որից օգտվել են մասնակիցների 90%-ից ավելին:


Սամվել Հարոյանը նշեց, որ պարախմբերը եղել են հանրապետության բոլոր մարզերում, իսկ բոլոր դահլիճները լեփ լեցուն են եղել: «Աշնակ գյուղում մեծ միջոցառում կազմակերպվեց: Ստեփանակերտում ամենից մեծ բացօթյա համերգն անցկացվեց»,- ասաց նա:


Հորդանանի և Լիբանանի խմբերը հայտ էին ներկայացրել, սակայն չեն կարողացել մասնակցել։ Ըստ Հարոյանի՝ նրանց հնարավորություն կտրվի միջոցառումներն անցկացնել ուշացումով:


Պատասխանատուները խոսեցին նաև բացթողումներից՝ համաձայնելով, որ խմբերի հագուստները չէին համապատասխանում հայկական տարազներին և միաժամանակ նշեցին, որ թեև դա իրենց խնդիրը չէր, սակայն խմբերի ղեկավարների հետ խոսել են այդ մասին, որպեսզի շտկեն դա։


«Իսկապես ունենք պարարվեստում խնդրիր: Դրսում ունենք ղեկավարներ, որոնք պարից շատ հեռու են: Պարարվեստը դարձրել են բիզնես և սա շատ հարցերում խանգարում է: Որակական չափանիշներին համապատասխանելու խնդիր ունենք և հիմա այդ չափորոշիչները մշակվում են»,- ասաց Սամվել Հարոյանը:


Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի իրականացման վարչության պետ Ատոմ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ փառատոնը իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում:


«Փառատոնը մեկնարկել է ապրիլ ամսից, որը սկսել է գրողների համահայկական միջոցառմամբ, ապա հունիսից պարի փառատոնն էր, որին մասնակցեց 31 խումբ՝ 1000-ից ավելի մասնակիցներով»,- ասաց նա և ավելացրեց, որ առաջիկայում անհատ կատարողները կգան Հայաստան, որից հետո արդեն օգոստոսին երգչախմբի արվեստի օրերն են, իսկ դուդուկի փառատոնը նախատեսված է սեպտեմբերին:

Համահայկական փառատոնը կեզրափակվի լրագրողների համահայկական համաժողովով:

Ատոմ Մխիթարյանը հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի. «Ենթադրվում է, որ յուրաքանչյուր երկրորդ տարին կկազմակերպվեն, բայց կառավարության որոշումը միայն 2012-ին էր վերաբերում»,- նկատեց նա: