Հայ ուսանողների հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է
Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ը ուսանողների շրջանում կատարել է սոցհարցումներ և պարզել, թե ի՞նչ խնդիրներ են կանգնած այսօր նրանց առջև:
Միավորման նախագահ Գևորգ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով կատարված սոցհարցումը, նշեց, որ խնդիրները հիմնականում վերաբերում են աշխատատեղերին:
«Այսօր նույնիսկ ամենալավ սովորող և բուհը գերազանց ավարտած ուսանողներն իրենց մասնագիտությամբ աշխատելու լուրջ խնդիրներ ունեն: Նրանց 80%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ: Մենք հիմնականում փորձում ենք դիմորդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշում տալ: Տեղեկացնում ենք նրանց, թե աշխատաշուկան հիմնականում ո՞ր մասնագիտությունների կարիքն ունի»,- ասաց նա:
Գևորգ Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ այսօր աշխատաշուկան հիմնականում համակարգչային գիտելիքներ ունեցող մասնագետների պահանջարկ ունի:
«Երիտասարդ համալսարանականների միավորում»-ն ուսանողների առջև ծառացած խնդիրները որոշ չափով լուծելու նպատակով իրականացնում է նաև մի շարք այլ ծրագրեր: Դրանցից է՝ տարբեր մարզերում սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելը: Միավորումը հիմնականում շեշտը դրել է Շիրակի մարզի վրա:
«Մարզերի այն ուսանողները, ովքեր ունեցել են ֆինանսական խնդիր, փորձել ենք օգնել վճարի հարցում: Նաև ակտիվ համագործակցում ենք Պաշտպանության նախարարության հետ և իրականցնում «Բանակը մենք ենք» ծրագիրը: Այցելում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի զորամասեր և հանդես գալիս դասախոսություններով, ինչպես նաև տարբեր համերգային ծրագրերով»,- ասաց նա:
Միավորման նախագահը կարևոր համարեց երիտասարդ տղաների պատրաստվածությունը մինչև բանակ զորակոչվելը, ինչն էլ, նրա խոսքով, ընկած է Միավորման և ՊՆ-ի համագործակցության հիմքում:
Հարցին, թե ֆինանսավորման ի՞նչ աղբյուրներ ունի ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ը, նախագահը պատասխանեց. «Ֆինանսների մի մասը տրամադրվում է բուհի կողմից: Մյուս մասը, մենք, համագործակցելով տարբեր հիմնադրամների հետ, կարողանում ենք ֆինանսավորումն ապահովել: Նման ծրագրերի իրականացման համար, իհարկե, մեծ գումարներ են պետք, բայց այսօր մենք կարողանում ենք եղած հնարավորություններով իրականացնել մշակված ծրագրերը»,- ասաց Գևորգ Մելքոնյանը:
«Երիտասարդ համալսարանականների միավորմ»-ը գործում է արդեն երեք տարի և ունի ավելի քան 1200 անդամ: Միավորմանը միանալու համար ուսանողից պահանջվում է գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն:









