Սատարելու եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Հովհաննես Թոքմաջյան
Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հաջորդ նախագահական ընտրություններին սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, չնայած, իր խոսքով, համալսարանում քաղաքկանությամբ չեն զբաղվում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց Tert.am-ի հարցին ի պատասխան ։
«Ես քաղաքականությամբ զբաղվել եմ, եղել եմ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահը, սակայն հիմա չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց պետք է նշեմ, որ ես սատարելու եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և հավատում եմ նրա որդեգրած քաղաքականությանը»,- ասաց Հովհաննես Թոքմաջյանը:
Հարցին, թե վերջինս հավատո՞ւմ է մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, Հովհ. Թոքմաջյանը նկատեց՝ կամաց-կամաց Հայաստանում տեղի են ունենում ավելի որակյալ ընտրություններ:
«Հայաստանին ցնցումներ պետք չեն, իսկ ցնցումներից խոսափելու համար պետք է ամրապնդվի ընդդիմության ինստիտուտն ու իշխանությունը նույնպես»,- եզրափակեց Հովհաննես Թոքմաջյանը:









