Իջևանի անտառտնտեսությունն ապացույց է պահանջում ծառահատման մասին, բնապահպանը դրանք ներկայացնում է

12:03 • 18.07.12

Իջևանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն Արծրուն Ղալփախչյանը բնապահպան Գոռ Հովհաննիսյանին խնդրում է ևս մեկ անգամ գալ Իջևան և ցույց տալ այն տեղը, որտեղ իրենք տեսել են, թե ինչպես են ծանր տեխնիկայով տեղի անտառներում ապօրինի ծառահատումներ կատարվել:


«Ես պատրաստ եմ բոլոր ծախսերն ինձ վրա վերցնել և իրենց ընդունել, միայն թե ցույց տան, թե դա որտեղ է եղել: Անտառն այնպիսի բան չի, որ ծառը կտրվի ու կորչի, դա տարիներով մնում է՝ կոճղն էլ է մնում, տարածքն էլ է երևում, հո չփախա՞վ:

Թող գան ցույց տան, որն է ապօրինի հատումները՝ ես էլ գլուխս կախեմ»,- Tert.am-ի հետ զրույցում նշում է պատասխանատուն և հավատացնում, որ Իջևանի անտառներում ապօրինի ծառահատումներ չի եղել և չի էլ կարող լինել:


Նշենք, որ օրերս «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը բաց նամակի տեսքով ահազանգում էր Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների մասին, որոնք, ըստ նրա, տեղի են ունենում Իջևանի արգելավայրի և նրան հարակից տարածքներում, մասնավորապես Իջևան լեռան և Հովք լեռան ստորոտին գտնվող անտառներում:


Բնապահպանը նաև նշում էր, որ այնտեղ անտառը գրեթե ամբողջովին վերացած էր, իսկ երբ արդեն քայլել են ավելի խորքերը՝ հանդիպել են ծանր տեխնիկայի՝ УРАЛ, УАЗ, տրակտոր և բոլորն առանց համարանիշերի:


Արծրուն Ղալփախչյանը նախ ճշգրտում է, որ Իջևանն արգելավայր չունի, և նկատում, որ արգելավայրը Դիլիջանինն է և գուցե բնապահպանը տարածքն է շփոթել, ապա շարունակում, որ Իջևան լեռ և Հովք լեռ նույնպես գոյություն չունեն, կա Հովք գյուղ և դրան հարակից անտառ:


Ըստ նրա, նույն Հովք գյուղի անտառում տեխնիկա չի կարող մտնել: «Հովք գյուղի տարածքում УРАЛ մեքենա կամ տրակտոր չի մտնում: Ճիշտ է այստեղ հատատեղ կա, բայց հատումներն արվում են օրինական»,-ասաց նա և ավելացրեց, որ այդ տարածքում ունեն 500 խորանարդ մետր հատատեղային ֆոնդ:


«Տասը տարվա համար անտառհատման պլան ունենք, սանիտարական հատումներ են կոչվում, որտեղ տարիքն ապրած ծառեր են հատվում: Անտառում դա է մեր աշխատանքները»,- ասաց նա:


Թե ինչու են այդ դեպքում բնապահպանների պահանջած փաստաթղթերը օրինական հատողները հրաժարվել տալ, Իջևանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրենը ևս մեկ անգամ պնդեց, որ դա իրենց մոտ չի եղել:

 

«Ախր այդպիսի բան չի եղել, ոչ իմ անտառապահն է տեղյակ, ոչ անտառապետս է տեղյակ, ոչ այդ օրվա բանվորներն են տեղյակ, ես չգիտեմ ինքը որտեղ է տեսել, ախր ամբողջ խնդիրը դրա մեջ է»,-ասաց նա:


Միաժամանակ նա նշեց, որ համապատասխան մարմինները հարցը բարձրաձայնելուց հետո եկել և խնդրով հետաքրքրվել են, սակայն եկել են և տեսել, որ իրենք այնտեղ հատատեղ ունեն, այսինքն՝ պետական թույլտվությամբ են հատում:


Բնապահպաններն իրենց հայտարարության մեջ նշել էին, որ այդ ամենը նկարահանել էին, սակայն հատողներն իրենց ձեռքից վերցրել են նկարահանող սարքը, ջնջել ամեն ինչ և նոր միայն վերադարձրել:


Tert.am-ի հետ զրույցում Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տեսածի մասին հայտնել են համապատասխան մարմիններին, ովքեր էլ նրանց հավատացրել են, որ գնացել և հատողներից մի քանիսին տեսել են ու իրենց իսկ խոսքերով՝ տուգանել:


Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ վերջիններս իրենց հավատացրել են, թե այդ մասին ավելի մանրամասն պատկան մարմինները մամուլի հաղորդագրության տեսքով հայտարարություն կտարածեն:


«Ինչ վերաբերում է անտառտնտեսության այդ տնօրենին, որ ասում է՝ ես ստում եմ, այդ դեպքում թող ինքը գնա և իմ սուտն ապացուցի այն մարդկանց մոտ, ովքեր գնացել են և տեսել իրենց աչքով այդ ամենը»,- ասաց նա:


Բնապահպանը նշում է, որ եթե հայտարարության ժամանակ իրենք նկարներ չունեին, քանի որ ընդհարումից խուսափելու համար թույլ են տվել, որպեսզի նկարները ջնջեն, այդուհանդերձ տեղեկացրեց, որ իրենք այդ նկարներն արդեն ունեն: «Իմ ընկերը դրանից հետո գնացել է այնտեղ ու նկարել»,-ասաց նա: