Դավթաշենի կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել մի երիտասարդ, ով հայտնի բժիշկների որդի է (լուսանկարներ, տեսանյութ)

15:05 • 18.07.12

Այսօր՝ հուլսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13.50-ի սահմաններում մի երիտասարդ Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
 

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի գլխավորությամբ:

Տեղում են նաև դատական բժիշկը և դիահերձարանի աշխատակիցները:
 

Արդեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ քննիչ Հարութ Խեդոյանի գլխավորությամբ:
 

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է:

Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանություն գործածի հայրը հանրապետությունում հայտնի բժիշկ էր:

Մինասյանի մոտ հայտնաբերվել է նաև որոշակի քանակությամբ դրամ: 

Հավաքվածները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ նրա մայրը նույնպես հայտնի բժիշկ է, և ընդհանուր առմամբ նրանց  ընտանիքը ապահովված էր: Բացի այդ, երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել և մեկ տարի առաջ հաճախել է հոգեբանի մոտ:


Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Դավիթաշենի կամրջից մոտ 800 մետր հեռավորության վրա՝ Արամ Խաչատրյան-Շիրվանզադե փողոցների խաչմերուկից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհին հայտնաբերել է «Դեու Էսպերո» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Տ. Մինասյանին: Մեքենայի բանալիները եղել են մեքենայի վրա:
 


Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի