Արցախի ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ արցախցին է իր ճակատագրի տերը. քաղաքագետ

13:27 • 18.07.12

Արցախn իր նախագահական ընտրություններով ավելի ու ավելի ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտահայտեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:


Նա նշեց, որ մենք սովոր ենք, որ ընտրություններից մի քանի օր հետո միջազգային հանրության կողմից սկսվում են արձագանքները՝ կապված ԼՂՀ ընտրությունների ճանաչման-չճանաչման հետ։


«Ղարաբաղի ժողովուրդը թքած ունի, թե ով կճանաչի իրենց ընտրությունները, ով՝ ոչ: Այսօր ԼՂՀ-ն իրավունք չունի մի օր անգամ մնալ առանց օրինական իշխանության: Դա կարևոր է Արցախի ժողովրդի համար: Ընտրությունները ապացուցում են աշխարհին, որ ղարաբաղցիներն են ընտրում և իրենց ճակատագրի տերն իրենք են: Ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ մեկ այլ տեղից չի նշանակվում Արցախի նախագահը»,- ասաց քաղաքագետը:

 

Ըստ նրա՝ զարմանալի է, որ կան մարդիկ, ովքեր դեռ մտածում են, թե 20 տարի անկախություն ունեցող ժողովրդին նորից հնարավոր է իրենց ենթարկել:

 

«Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհի տարբեր տարածաշրջանների նորանկախ հանրապետությունները ճանաչվել են: Վերջին օրինակը Հարավային Սուդանինն է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրականում բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ այլևս հնարավոր չէ:


«Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում էին: Որևէ մեկը քննադատական որևէ միտք չարտահայտեց Ղարաբաղում անցկացվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հակառակը՝ մենք լսեցինք, որ նրանք նաև ողջունում են օդանավակայանի վերաբացումը»,- նկատեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: