«Ամենահետախուզվող նացիստ հանցագործը» ձերբակալվել է
Հունգարիայի իրավապահները ձերբակալել են «ամենահետախուզվող նացիստ հանցագործ» Լադիսլաուս Չիժիկ-Չատարիին, ով մեղադրվում է նացիստական Գերմանիայի տարիներին հրեաների դեմ գործած հանցագործությունների համար. տեղեկացնում է Associated press գործակալությունը:
Օրերս բրիտանական Sun պարբերականը հրապարակել էր «ամենահետախուզվող նացիստ հանցագործ», հեռակա կարգով մահվան դատապարտված 97-ամյա հունգարացի Լադիսլաուս Չիժիկ-Չատարիի լուսանկարը և տեղեկացրել, որ նա «հանգիստ ապրում է Բուդապեշտում»:
Հոլոքոսթի պատմության հետազոտման` Վիզենտալի անվան կենտրոնի տեղեկություններով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Չիժիկ-Չատարին զբաղեցրել է ոստիկանության պետի պաշտոնը Սլովակիայի Կասսա քաղաքում (ներկայիս` Կոշիցե): Նա մասնակցել է առնվազն 15.700 հրեաների սպանության: Ըստ առկա փաստաթղթերի` այդ մարդը հաճույք է ստացել կանանց ճիպոտով ծեծելուց, բանտարկյալներին ստիպել է ձեռքերով փորել հողը, մասնակցել է այլ կտտանքների:









