Արցախի զորամասերում կհնչի Սայաթ-Նովա. Թովմաս Պողոսյան

12:05 • 18.07.12

«Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ բարեգործական համերգներով կայցելի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:

 

Նա նաև նշեց, որ նման համերգներով իրենք Արցախ են մեկնում գրեթե ամեն տարի: «Այս տարի Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակն է, և ամենուրեք պետք է թևածի Սայաթ-Նովայի երգը, որովհետև այն ոչ թե միայն մեր ազգի մեծերից է, այլ նա մեզ համար հայրենիք է: Զորամասեր մեկնելու նախաձեռնությունը մերն է և, եթե ամեն մարդ այսօր իր տեղում լինի` ամեն ինչ շատ ավելի լավ կլինի»,- ասաց նա և հիշեցրեց Հայոց բանակի դերի կարևորությունը:


Թովմաս Պողոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ կունենան 7 համերգ՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշիում և Հադրութի շրջկենտրոնում: Համերգների կազմակերպմանն աջակում են ՀՀ և Արցախի մշակույթի նախարարությունները և գործարար Սամվել Սարգսյանը:

 

Արցախից վերադառնալուց հետո աշուղական անսամբլը կմեկնի Ռուսաստան և կհյուրընկալվի այն խոշոր քաղաքներում, որտեղ կա մեծաթիվ հայկական համայնք:

 

«Աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մի ամբողջ փառատոն է կազմակերպվելու՝ նվիրված աշուղ Սայաթ-Նովային»,- տեղեկացրեց Թովման Պողոսյանը: