Զենքի և թմրանյութի վաճառքից հետո 3-րդ տեղում արվեստի նյութերի վաճառքն է. Սերգեյ Գալոյան
Կրիմինալ աշխարհում զենքի և թմրանյութերի վաճառքից հետո երրորդ տեղում ամենաեկամտաբեր հանցագործ-բիզնեսը համարվում է մշակութային արժեքների գողությունն ու վաճառքը, ինչը կատարվում է նաև Հայաստանում և հենց մեր երկրից էլ գողացվում են մշակութային արժեքները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրող Սերգեյ Գալոյանը:
«Նկարիչ Մինասի արվեստանոցում կատարվել էր թալան, սա առաջին ցնցող դեպքն էր Հայաստանում: Մինաս Ավետիսյանի արվեստանոցում հրդեհ չի եղել, այն ուղղակի հրդեհվել է՝ կազմակերպված»,- տեղեկացրեց Գալոյանը, նշելով որ 90-ականներին մի շարք նկարներ են գողացվել թե՛ Ազգային պատկերասրահից, թե՛ ԱՕԿՍ-ից: Գողացվածների մեջ եղել են նաև Այվազովսկու նկարները:
«Ամեն մի նկար ունի իր արժեքը, 150-500 հազար դոլար, սակայն այդ նկարները, բացի գումար արժենալուց, նաև ազգային հարստություններ են և արժեք են պետության համար: Ունեցել ենք նկար, որը վաճառվել է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարով»,- ավելացրեց նա:
Սերգեյ Գալոյանն անդրադարձավ նաև գողության մի դեպքի, որը տարիներ առաջ է կատարվել. «Վարուժան Գևորգյանը նամակ է գրել, նշելով, որ ինքը գողացել է 21 նկար, դատվելուց հետո պետությանը վերադարձրել է 3 նկար, իսկ 18 նկարները դեռ իր մոտ են: Ես դիմում եմ թե՛ իրավապահներին, թե՛ քրեական աշխարհի հայ ներկայացուցիչներին, որպեսզի գտնեն այդ տղային և Հայաստանին վերադարձնեն այդ հանճարեղ նկարները, որոնք պատկանում են Բաժբեու-Մելիքյանին, ով հանճարեղ նկարիչ. ես նրա կյանքն ուսումնասիրել եմ: Խնդրում եմ, Հայաստանին վերադարձրե՛ք Մելիքյանի նկարները»,- եզրափակեց Սերգեյ Գալոյանը:










