Արցախի անկախության ճանաչմանը խոչընդոտում է ԱՄՆ-ն. Սերգեյ Շաքարյանց
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Արցախի անկախությանը ճանաչմանը խոչընդոտում է ԱՄՆ-ը։
«Պատճառն այն է, որ կան ավելի խոշոր խաղեր: Օրինակ՝ հայ-թուրքական սահման, Թուրքիայի մեծագույն դերակատարությունը տարածաշրջանում, արաբական հեղափողություններ, Իրանի խնդիր և այլն»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:
«Բանավոր ամեն ինչ կարելի է հայտարարել, բայց գործերի ներքո թաքնված փաստերը խոսում են բոլորովին այլ նպատակների մասին»,-ավելացրեց քաղաքագետը:
Շարունակելով իր միտքը, Սերգեյ Շաքարյանցը բացատրեց, թե ինչու է նշում հենց ԱՄՆ-ն և ոչ օրինակ՝ Ֆրանսիան կամ Ռուսաստանը:
«Բացատրությունը շատ պարզ ու պրիմիտիվ է, եթե Ռուսաստանը, Ֆրանսիան կամ ԵՄ-ն մնան (նկատի ունի մտնի ՄԽ –Tert.am) Մինսկի խմբում մեն-մենակ, նրանք շատ ավելի հեշտ են պայմանավորվելու ԼՂ-ի խնդրի հետ կապված հարցերում: Բայց թե ոնց են պայմանավորվելու, արդեն իսկ կարելի է գուշակել»,- ասաց նա:
Սերգեյ Շաքարյանցը անդրադարձավ նաև այն իրողությանը, որ վերջերս ԼՂՀ-ում Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ իրենք կողմ են Արցախի օդանավակայանի բացմանը և նշեց, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի:
«Ես դա որակում եմ որպես դրդում նույնիսկ, եթե օդային տարածքի օգտագործման հարցը դառնա բանակցությունների առարկա: Դա նույնիսկ կարելի է համարել հայկական կողմին բարի կամքով արված քայլ: Թեև Ադրբեջանը իր բացասական վերաբերմունքն արտահայտել է, սակայն պարզ է, որ հարցը կդառնա բանակցությունների քննարկման առարկա, ինչը շատ կարևոր է»,-ասաց նա։
Սերգեյ Շաքարյանցը նաև նշեց, որ ՀՀ դիվանագետները կարող են պահանջել, որպեսզի, վերջապես, բացվի ԼՂՀ-ի օդային տարածքը և ապահովվի կապը այլ երկրների ու Արցախի միջև:









