Որոշիչ մարտ Դամասկոսում. նախարարների զոհվելուց հետո քաղաքում թեժ մարտեր են ընթանում (թարմացվում է)

14:37 • 18.07.12

21:46 ԱՄՆ-ը նոր տնտեսական պատժամիջոցներ կկիրառի 29 սիրիացիների, Սիրիայի կառավարական 5 կազմակերպությունների և մեկ մասնավոր ընկերության դեմ, որը պատկանոմ է Ռամի Մահլուֆին՝ նախագահ Բաշար ալ Ասադի զարմիկին:
Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:


Պատժամիջոցներ կկիրառվեն Սիրիայի կենտրոնական բանկի ղեկավարի, երկրի ֆինանսների նախարարի և «Ասադի կաբինետի» այլ պաշտոնյաների դեմ, որոնց անուններն ավելի վաղ հայտնվել էր ամերիկյան իշխանությունների սև ցուցակում:
 


20:59«Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը վերահաստատել է, որ ստանձնում է այսօր Դամասկոսում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Associated press գործակալությանը տված հարցազրույցում ՍԱԲ ղեկավար Ռիադ Ասաադը հայտարել է, որ սա «Ասադի ռեժիմի տապալման սկիզբն է»:

«Հուսով եմ, որ Բաշարը կլինի հաջորդը»,- ասել է նա:


20:34 Սիրիայի նորանշանակ նախարար գեներալ Ֆահեդ ալ Ֆերաջը քիչ առաջ ելույթ է ունեցել երկրի պետական հեռուստաընկերության եթերում և հայտարարել, որ պատրաստվում է պատժել այսօրվա ահաբեկչության կազմակերպիչներին:


«Նման ահաբեկչությունները մեր ուժերին հետ չեն պահելու իրենց պարտականություններից և մենք կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք կբարձրանան այս երկրի անվտանգության ուժերի և քաղաքացիների վրա: Փառք և հավերժություն նահատակներին» ,- իր առաջին ելույթում ասել է նորանշանակ նախարարը:
 


19:51 Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը հաստատում է միայն պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհայի, ՊՆ փոխնախարար, գեներալ Ասեֆ Շաուքաթի և նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Հասան Տուրկմանիի մահը: 

Գործակալությունը հերքում է ներքին գործերի նախարարի մահվան մասին լուրերը, նշելով, որ նախարար Մոհամմադ ալ Շաարը և գեներալ Հիշամը գտնվում են հիվանդանոցում և նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 


19:06  Վերջին տեղեկությունների համաձայն, մայրաքաղաքի իրադարձություններից հետո կտրուկ ավելացել է սիրիական բանակում դասալքությունների թիվը, ոչ միայն Դամասկոսում, այլ նաև Հոմս և Համա քաղաքներում: Այս մասին հայտնում է BBC-ն, շեշտելով, որ տեղեկությունների իսկությունը դեռ անհնար է պարզել:


19:01 Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը Սիրիրայի հարցով ՄԱԿ-ի բանաձևի ընդունման հետաձգման կոչ է արել, այս մասին BBC-ին հայտնել են բրիտանական դիվանագիտական աղբյուրները:


18:53 «Թուրքիան և Ռուսաստանը դեմ են Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը: Բաշար Ասադի երկրի ճակատագիրը պետք է որոշեն սիրիացիները», - հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած ասուլիսի ընթացքում: Նա նաև շեշտել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի հարցով ժնևյան համաձայնություններին, որոնց հիման վրա, պետք է կայացվի սիրիական ճգնաժամի հաղթահարման` ՄԱԿ-ի որոշումը:


18:22 Ականատեսների վկայությամբ, Դամասկոսի մի քանի շրջաններ` Միդանը, ալ-Քաբունը ենթարկվում են մարտական ուղղաթիռների ռմբակոծմանը և շատ տեղանքներ ուղղակի մարտի դաշտ են հիշեցնում, հայտնում է BBC-ն:


18:09 Սիրիայի ազատ բանակը հայտարարել է «տոտալ պատերազմի» մասին` մայրաքաղաք Դամասկոսի վերահսկոզությունն արդեն այսօր վերցնելու նպատակով, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն: Ականատեսների վկայությամբ քաղաքի բազմաթիվ մասերում ծանր մարտեր են ընթանում:

 


17:35 Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարին անկանոն զինված խմբավորումները հարձակումներ են գործում Դամասկոսի արվարձաններում ընդդիմադիրների դիրքերի վրա, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն:


17:29 Ազգային հետախուզության շենքում տեղի ունեցած պայթյունից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է նախագահ Ասադի` անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Հասան Տուրկմանին, հայտնում է Russia Today-ը: Այլ տեղեկություններով, զոհվել է նաև նույն կառույցի Հետաքննությունների վարչության պետ Հաֆեզ Մախլուֆը:

 


Դամասկոսում հերթական խոշոր պայթյունն է տեղի ունեցել` ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում: Պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան, տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Լուրջ վնասվածքներից ավելի ուշ մահացել են նաև Ռաջիհայի տեղակալ, նախագահ Ասադի փեսա Ասեֆ Շաուքաթն ու ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն: Տեղեկություններ կան, որ ընդհանուր առմամբ զոհվել է հանդիպման 6 մասնակից, մի քանիսը` լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:

Որոշ տեղեկություններով, պայթյունն իրականացրել է նախագահ Ասադի անվտանգության աշխատակիցներից մեկը, ով պատասխանատու է եղել նրա մերձավորների անվտանգության համար: Երկրի անվտանգությա նուժերի անանուն մի աղբյուր հայտնել է, որ նա մուտք է գործել շենք ու պայթուցիկը տեղադրել բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության սենյակում:


Արդեն Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆերաջը:


Միաժամանակ զինյալները հայտարարել են, որ կարողացել են մուտք գործել քաղաքի Դումմար շրջան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը: «Ալ-արաբիա»-ի հաղորդմամբ, ընդդիմադիրները հրետակոծում են այստեղ գտնվող պետական շինությունները. մարտեր են ընթանում նախագահական նստավայրից ընդամենը մի քանի հայուր մետր հեռավորության վրա:

Վերջին տեղեկություններով, մայրաքաղաքում ևս միանգամից 5 պայթյուն է տեղի ունեցել բանակային այն դիվիզիայի տեղակայման վայրի մոտ, որի հմարանատարը նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայր Մահերը:

 

Օրվա դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայում որոշիչ մարտեր են ընթանում: Ասադը ինքնակամ չի հեռանա և մեր արևմտյան գործընկերը չգիտեն ինչպես վարվել»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը նշել է, որ Դամասկոսի դեպքերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի այնպիսի որոշում, որը վերջ կդնի սիրիական ճգնաժամին, իսկ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Լորան Ֆաբիուսի կարծիքով պայթյունները Սիրիայում իշխանափոխությունը հրատապ են դարձնում: