Ամերիկացի օդաչուն ինքնաթիռ է առևանգել, ապա ինքնասպան եղել
Ամերիկյան SkyWest ավիաուղիների օդաչուն երեկ ԱՄՆ Յուտա նահանգի օդանավակայանում ներխուժել է ինքնաթիռ, առևանգել այն և քշել դեպի ավտոկանգառ:
Ինչպես տեղեկացնում է USAtoday-ը, ավելի ուշ նա ինքնասպան է եղել հենց օդաչուական խցիկում:
Օդաչու Բրայան Հեդգլինը հետախուզվում էր նախկին ընկերուհուն սպանելու համար: Աղջկա դին գտել էին շաբաթ օրը` Կոլորադո նահանգում:
Հեդգլինը Սենտ-Ջորջ օդանավակայանում բարձրացել է CRJ200 տիպի ինքնաթիռ (նախատեսված շուրջ 50 ուղևորի համար), գործի է դրել շարժիչը և շարժվել դեպի ավտոկանգառ` ճանապարհին վնասելով մի քանի մեքենաներ: Դրանից հետո ինքնասպան է եղել:
SkyWest ավիաուղիներից տեղեկացրել են, որ միջադեպի պահին օդաչուն արձակուրդի մեջ է եղել:
Նրա գործողությունների արդյունքում վնասվել է նաև ինքնաթիռը: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: Այժմ ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:









