Ախալքալաք-Բաթումի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում զոհվածների մեջ 3 հայ կա

12:09 • 18.07.12

Վրաստանում երեկ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվածների մեջ կա Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 3 հոգի: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տեղեկացմամբ, ըստ Վրաստանի իշխանությունների տվյալների, նրանք են 30-ամյա Նաիրա Թումասյանը, 27-ամյա Զինավոր Ֆյոդորովը և 4-ամյա Զիմա Ֆյոդորովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թբիլիսի-Քութաիսի կենտրոնական ավտոմայրուղու վրա Ախալքալակից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում էր վրացական News.ge կայքը:

Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհվել է 7 մարդ: Կան նաև տուժածներ:

Քութաիսիի Շտապ օգնության աշխատակցի խոսքերով՝ Քութաիսիի հիվանդանոց են տեղափոխվել 5 տուժածներ՝ որոնցից 4-ի վիճակը գնահատվում է կայուն:

Հայտնի է դարձել, որ «Շկոդան» սկզբից բախվել է ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային, այնուհետև միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսը վառվել է: