Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի ԼՂ բանակցային գործընթացին

11:23 • 23.07.12

Հուլիսի 19-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության արտգործնախարար Էկտոր Տիմերմանի հետ, ով ՀՀ դեսպանի հետ զրույցում ասել է, որ Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։


Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ ԱԳՆ արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Մարիա դել Կարմեն Սկեֆը և արտգործնախարարի անձնական քարտուղարը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին, իրավապայմանագրային դաշտին, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։


Էկտոր Տիմերմանը տեղեկացրել է, որ սիրով ընդունում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը առաջիկա ամիսներին այցելելու Հայաստան:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանք իրականացնել նախապատրաստման փուլում գտնվող համաձայնագրերի ամբողջացման և այցելության ընթացքում դրանց որոշ մասի ստորագրման վերաբերյալ։


Արգենտինայի արտգործնախարարը հետաքրքրվել է այն բնագավառներով, որոնք կարող են փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմք հանդիսանալ:


Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, առկա ներդրումային դաշտը և հնարավորությունները: Առանձնացվել են գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ատոմային և վերականգնվող էներգետիկայի ոլորտները:


Խոսելով արգենտինահայ համայնքի մասին` ԱԳ նախարարը նշել է, որ այն իր կարևորագույն դերակատարումն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:


Արգենտինայում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերը և նրանց սերունդները կարողացան հաստատվել Արգենտինայում, դարձան օրինապաշտ քաղաքացիներ և մինչ օրս էլ շարունակում են զգալի ներդրում ունենալ երկրի զարգացման գործում։