Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը

10:55 • 23.07.12

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը, որին մասնակցում են 220 պատանի ու աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ավստալիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Իրաքից, Իրանից և Սիրիայից:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով բոլոր մասնակիցներին նշեց, որ իրականացել է նրանց երազանքը՝ գալ Հայաստան ու տեսնել հայրենիքը:

 

Նախարարը ծրագրի մասնակիցներին տեղեկացրեց է, որ նրանք այսօր կլինեն Սևանում, Էջմիածնում, կայցելեն նաև Եռաբլուր, ուր կտեսնեն շիրիմներն այն հերոսների, որոնց շնորհիվ է, որ այսօր կառուցվում է ազատ ու անկախ Հայաստան:

 

«Ես ուզում եմ, որ այս օրերի ընթացքում ոչ միայն Հայաստանը ճանաչեք, այլ նաև ընկներներ ձեռք բերեք ու շփվեք միայն հայերեն լեզվով: Այս օրերի ընթացքում մոռացեք այն լեզուները, որոնցով շփվում եք օտար աշխարհում»,- ասաց նախարարն ու խնդրեց սովորել Հայաստանի մասին ինչքան հնարավոր է շատ բան, որպեսզի վերադառնալուց հետո պատմեն իրենց իմացածը մյուսներին:

 

Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական կառույցների ղեկավարներին, որ չնայած Սիրիայի ներքին լարվածությանը կարողացել են մասնակցել ծրագրին: Նա պատանիներին առաջարկեց՝ ցանկության դեպքում մինչև սեպտեմբեր մնալ Հայաստանում:

 


Սիրիայի մասնակիցներից ելույթ ունեցավ Անի Պողոսյանը և նշեց. «Ես այսօր շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և, որ նման ծրագիր կա, որը միացնում է բոլոր սփյուռքահայերին»:

 

Այսօր արիտունցիները կայցելեն Երևանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

 

«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009թ-ից: Այս տարի ծրագրի շրջանակներում Հայաստանն ընդունել է 900-1000 մասնակցի: Նրանք հայրենիքում կլինեն 14 օր: