Ոստիկանները Տավուշում 83-ամյա Կոնստանտին պապիկի ավանակին ոտքի կանգնեցրին (լուսանկարներ)

15:32 • 23.07.12

Այսօր՝ հուլիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը արձանագրել է, թե ինչպես են Ոստիկանության Տավուշի մարզի ոստիկանները օգնում 83-ամյա Կոնստանտին պապիկին, որպեսզի նրա ավանակը ոտքի կանգնի:

Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանը և Ոստիկանության Բերդի բաժնի պետ Գարիկ Դալլաքյանը վերադառնում էին սպանության վայրից, նկատում են, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին մի պապիկ ձեռնափայտով փորձում է գետնին պառկած ավանակին ոտքի կանգնեցնել:


Գ. Շամշյանը պատմում է, որ ավանակը ցախով բարձված էր, և չէր ենթարկվում Կոնստանտին պապիկին և միայն ոստիկանների միջամտության արդյունքում ավանակը ոտքի կանգնեց:


Կոնստանտին պապիկը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է. «Ես տղերքի ջանին ղուրբան, սարի նման բարձրացրին էս Մարտիրոս ավանակիս: Իսկ ցախը տանում եմ տուն, որ հաց թխել տամ, որ ղարգեմ Երևան՝ բժշկականի ուսանող թոռանս»:


Ավանակին բարեհաջող ոտքի կանգնացնելուց հետո Կոնստանտին պապը ոստիկաններին հրավիրել է իր տուն՝ թան խմելու:

Իսկ մարզի ոստիկանապետը կատակել է. «Պապի, դու դանդաղ քո ավանակի հետ գնա, մինչև գյուղ մենք քեզ կուղեկցենք»: