Գարեգին Բ–ն ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանին պարգևատրել է շքանշանով

16:44 • 23.07.12

Ս. Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի արժանացրեց ամերիկաբնակ բարերար Նուբար Աֆեյանին` ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում իր կարևոր և օգտակար հանձնառությունների:

 

Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության՝ մինչ շքանշանի հանձնումը Վեհափառ Հայրապետն անդրադարձել է մեծարյալի ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեությանը:

 

Նորին Սրբությունը բարձր է գնահատել տիար Աֆեյանի հավատարմությունն ու սերը հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցին` նշելով վերջինիս նշանակալի մասնակցությունն եկեղեցաշինության աշխատանքներում, ի մասնավորի Տաթևի համալիրի վերանորոգման նվիրական գործին:

 

Գարեգին Բ Հայրապետն ընդգծել է նաև տիար Աֆեյանի կարևոր ներդրումը Արցախի ժողովրդի բարօր կյանքի շինության գործում: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով նվիրյալ հայորդուն, վերջինիս կուրծքը զարդարել է Հայոց Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:

 

Ս. Պատարագին և շքանշանի հանձնման արարողությանը ներկա են եղել նաև ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը, տիար Կարո Արմենը, ինչպես նաև բազում հրավիրյալներ և ուխտավորներ:

 

Հանդիսավոր արարողությունից հետո Մայր Աթոռում տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը և հրավիրյալները վերստին շնորհավորել են տիար Աֆեյանին` ծննդյան 50-րդ տարեդարձի և Հայոց Եկեղեցու բարձրագույն պարգևին արժանանալու առիթով:

 

Բարերարներն ու հյուրերը նաև շրջեցին Մայր Աթոռում` ծանոթանալով ամենայն հայոց հոգևոր կենտրոնի բարեկարգման հսկայածավալ աշխատանքներին, եղան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը: