Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

14:55 • 23.07.12

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

 

Խորապես վշտացած եմ հայ թատրոնի և կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ:


Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով` իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի:


Գալյա Նովենցը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում ստեղծում էր բնական միջավայր, կենդանի մթնոլորտ ու հարուստ աշխարհ, որոնցում միանգամից ներգրավում էր հանդիսատեսին` նրան դարձնելով այդ ամենի անմիջական մասնակիցը: Գալյա Նովենցի կերտած դերերը սրտամոտ են տարբեր սերունդների, ում սրտում նա մշտապես կմնա որպես իր մարմնավորած կերպարների միջոցով իր հոգու մի մասնիկը հանդիսատեսին ի պահ տված արվեստագետ:



Ցավակցում եմ Գալյա Նովենցի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը: