Բնակչությունը հոգնած է, քանի որ 70-75%-ը երբեք չի գնում հանգստանալու. Մելիտա Հակոբյան

12:15 • 23.07.12

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը վկայակոչելով կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունը, ասաց, որ փաստը ցույց է տալիս, որ մեր ազգաբնակչության 70-75% երբեք չի գնում հանգստանալու։


«Համաձայնեք, որ սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի ծանր են, քան մի քանի տարի առաջ էր: Ո՞վ է օգտվում արտաքին, կամ թեկուզ ներքին տուրիզմից: Ո՞վ է Ծաղկաձորում,Սևանում կամ Ջերմուկում հանգստանում, այնպիսի թվեր են կրակում, որ խելքին մոտ չէ»,- ասաց նա և հիշեցրեց, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32.500 դրամ է, իսկ միջինը՝ 60-70 000:


Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը խոստովանում է, որ 21 տարի է, որ ինքը ևս չի մեկնում հանգստանալու.«Ես գերհոգնած եմ, բայց հնարավորություն չունեմ գնալու, ոչ էլ ժամանակ ունեմ: Հիմա ասեք՝ Հայաստանի քաղաքացիս իրավունք ունե՞մ տարին մեկ անգամ գնալ հանգստանալու»,- հարցրեց նա:


Մելիտա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի ներքին տուրիզմը գոնե պետք է մատչելի լինի հայերի համար: Ըստ նրա, այդ ծառայություններից կարողանում են օգտվել բնակչության, առավելագույնը, 20%-ը, և միայն 1-2% -ն է, որ կարողանում է իրեն թույլ տալ տարեկան մի քանի անգամ գնալ հանգստանալու: Բանախոսի խոսքով՝ 2-5%-ն էլ հանգստանում են բարեկամների ու ծանոթների տանը:


Այս ամենից Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը եզրակացնում է, որ ազգաբնակչության մոտ առկա է հոգնածության սինդրոմ:


«Ինչո՞ւ են ասում, որ մենք մուննաթով ազգ ենք. հոգնած ազգ ենք, դա գալիս է նրանից, որ ո՛չ նորմալ աշխատավարձ ենք ստանում, ո՛չ նորմալ աշխատանք ենք գտնում, և ո՛չ էլ, բնականաբար, նորմալ հանգստանում: Մարդու այդ վարքագծից կարող եք հասկանալ՝ չհանգստանալը ազդո՞ւմ է, թե՝ ոչ»,– ասա Մելիտա Հակոբյանը: