Յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ պետք է սերտորեն կապված լինի Հայաստանի հետ. Գարեգին Բ
Հուլիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական դասարանի սաներին՝ ուղեկցությամբ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի, ինչպես նաև Կանադայի հայոց թեմի Տորոնտոյի ՀԲԸՄ սկաուտների խմբին և Սբ. Երրորդություն եկեղեցու «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շաբաթօրյա դպրոցի աշակերտներին՝ ուղեկցությամբ Տ. Գեղարդ քահանա Կարապետյանի:
Հանդիպման սկզբում հոգևոր հայրերը նախ Վեհափառ Հայրապետին ներկայացրել են ուխտավորներին, ապա տեղեկացրել, որ երիտասարդներն իբրև Հայրենիքի և Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակներ՝ թեմակալ առաջնորդների օրհնությամբ, ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց ուխտը վերանորոգելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու պատգամները ստանալու համար:
Այնուհետև, երիտասարդ հայորդիներին իր օրհնությունն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով գեղեցիկ ավանդույթ դարձած այս ուխտագնացությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ երիտասարդները ոգեփոխության ու ոգեշնչման շրջան պիտի ապրեն Հայաստանում, քանի որ այս այցելություններն իրենց զորավոր կնիքը պիտի դնեն նրանց հոգիների վրա՝ հնարավորություն ընձեռելով հաղորդ դառնալ հայրենի երկրի հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին, անձնապես տեսնել, ապրել ու զգալ այն ամենը, ինչ սովորել են իրենց դպրոցներում:
Անդրադառնալով հայ ժողովրդի գեղեցիկ և լուսավոր ապագայի կերտման գործում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կարևոր առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետն իր խոսքում կարևորել է Սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև ամուր կապն ու համագործակցությունը: Նորին Սրբությունը նշել է նաև, որ յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ պետք է սերտորեն կապված լինի Հայաստանի հետ, քանի որ Հայրենիքն է համայն հայության գոյության և լինելության հիմքն ու երաշխիքը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց երիտասարդներին՝ մաղթելով, որ Տիրոջ ամենակարող Աջը հովանի լինի նրանց իրենց հետագա կյանքի և գործունեության ընթացքում:
Նույն օրը երիտասարդները Մայր Տաճարում ներկա են գտնվել Պատարագի սրբազան արարողությանը, այցելել են Մայր Աթոռի թանգարաններ:









