Պարզ քարոզով է եկեղեցին պայքարում աղանդների դեմ. Տեր Եսայի քահանա Արթենյան
Տեր Եսայի քահանա Արթենյանը կարծում է, որ այսօր աղանդների թեման շարունակում է մտահոգիչ մնալ և նշում, որ աղանդների դեմ Հայ Առաքելական Եկեղեցին պայքարում է մատչելի ու պարզ քարոզով:
«Եթե մենք չենք խոսում, կամ բարձրաձայնում աղանդների քայքայիչ գործունեության մասին, դա չի նշանակում, որ մենք դադարում ենք ամենօրյա աշխատանքից և հետևողական պայքարից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա՝ հավելելով, որ Հայ առաքելական եկեղեցին ամեն օր առիթ է ունենում աղանդներից տուժած և դարձի եկած մարդկանց հետ աշխատելու, նրանց խնդիրներին՝ իր հնարավորության սահմաններում լուծում տալու:
Քահանան նշեց, որ վերջին շրջանում փորձել են աղանդավորական կառույցներից դուրս բերել խուլ ու համրերին և, հատկապես, ակտիվ աշխատել այս համայնքի հետ։
«Բարեբախտաբար, այսօր մենք մեծ հաջողություններ ունենք այդ առումով»,– ասաց նա: Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով, խուլերի մի խումբ կա, որը բավական ակտիվ քարոզում է՝ իրենց ընկերներին աղանդավորական կազմակերպություններում ներքաշելու նպատակով, իսկ այսօր, ըստ քահանայի, բարեբախտաբար, այդ նույն ակտիվիստներից շատերը վերադաձել են Հայ Առաքելական եկեղեցի:
«Բնականաբար, այդ ամենն իրականացվում է որոշ ծրագրերի շնորհիվ, որ այսօր մենք փորձում ենք անել եկեղեցում»,-ասաց նա և նշեց, որ հիմնական ծրագիրը մատչելի, պարզ քարոզն է:
«Հայտնի սխալ պատկերացում կա, թե եկեղեցում քարոզ չկա, եկեք մեզ մոտ քարոզի: Իրականում մարդիկ գալիս և տեսնում են, որ եկեղեցում քարոզ կա: Օրինակ, շաբաթական գոնե երկու անգամ խուլերի համար քարոզ է կարդացվում: Տեսնելով դա՝ նրանք սկսում են մտածել, որ իրականությանը չեն համապատասխանում աղանդավորական կազմակերպությունների տվյալները, իբրև թե՝ Հայոց եկեղեցում միայն ծես է, միայն ալելուա են ասում։ Աղանդավորները սկսում են համոզել, որ իրենց մոտ գնան քարոզի»,- ասաց հոգևորականը:
Նա նշեց, որ եթե նախկինում եկեղեցին քարոզ էր անում՝ շաբաթը մեկ անգամ երիտասարդների, մեկ անգամ՝ մեծահասակների և մեկ անգամ էլ երեխաների համար, ապա այսօր հենց ժողովրդի պահանջով քարոզը կատարվում է շաբաթը երկու անգամ:
Տեր Եսայի քահանա Արթենյանը հստակեցրեց, եթե ասվում է՝ քարոզ երիտասարդների համար, դա չի նշանակում, որ միայն երիտասարդները կարող են մասնակցել: Ըստ նրա՝ դռները բաց են բոլորի համար, պարզապես քարոզն ավելի շատ ուղղվում է երիտասարդների հարցերին:
«Խուլերի համար արդեն պատրաստել ենք պատարագի DVD տարբերակը՝ ժեստերի լեզվի թարգմանությամբ, և փորձում ենք դա հասցնել Հայաստանի բոլոր խուլերին, որ կարողանան պատարագին ծանոթանալ և մասնակցել: Հիմա արդեն նախատեսում ենք պատրաստել Ավետարանները DVD-ների տեսքով»,- կատարած աշխատանքը ներկայացրեց հոգևորականը և հույս հայտնեց, որ հետագայում Նոր կտակարանը կներկայացվի ժեստերի լեզվով, ինչպես նաև՝ աղոթագրքերը:
Քահանան շարունակեց, որ այսօր եկեղեցում իրենք արդեն ունեն մշտական ժեստերի լեզվի թարգմանչուհի: «Որովհետև ես միշտ չէ, որ կարողանում եմ թարգմանել, և արարողության ժամանակ՝ պատարագին, միաժամանակ ձեռքերով թարգմանել, դրա համար ունենք թարգմանչուհի, ով միշտ եկեղեցում է, եթե անգամ եկեղեցում ներկա է մեկ խուլ ու համր, նրա համար բոլոր արարողությունները թարգմանվում են»,– վստահեցրեց նա:
Բացի Հայ Առաքելական եկեղեցուց՝ հոգևորականը նշեց, որ աղանդների դեմ պայքարում անհրաժեշտ է նաև պետական մոտեցում՝ ազգային անվտանգության, օրենսդիր մարմնի և այլ ատյանների կողմից:
Իսկ թե ո՞րն է աղանդների հոգևորսության հիմնական միջոցը՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց.«Պրիմիտիվ, պարզ քարոզները, հեշտ հոգևոր կյանքով ապրելու գայթակղությունը: Նրանք ասում են՝ ոնց ուզում ես ապրի, մեկ ա փրկվելու ես: Ցանկացած աղանդավորական ուսմունք մարդու հոգու փրկության համար ջանք չի գործադրում»,- ասաց նա:
Քահանան տեղեկացրեց, որ ոչ ստույգ տվյալներով՝ քայքայիչ աղանդավորական շարժման անդամների թիվը հասնում է շուրջ 100 000-ի: Ըստ նրա, նման թիվ ստացել են այն հայտարարված թվերի հաշվարկից, ըստ որի՝ ոչ առաքելական դավանանք ունեցողների թիվը 350 000 է, որից էլ հանվել են 150 000 կաթոլիկները, 40 000 ասորիները, 4000 եզդիները, 3-4000 ռուս ուղղափառները և արդյունքում ստացվել է աղանդավորների հիշյալ թիվը:
Նա նաև ավելացրեց, որ աղանդ համարվում են այն կազմակերպությունները, որոնք շեղված են առաքելական ճշմարիտ ուսմունքից: Իսկ աղանդավորական կառույցներից ամենավտանգավորը համարեց՝ «Կյանքի խոսք»-ը, մորմոններին, Եհովայի վկաներին և հոգեգալստականներին:









