Բրիտանացի ծնողները գրկելով փրկել են մահամերձ փոքրիկին
Մեծ Բրիտանիայի Թելֆոլդ քաղաքում 508 գր քաշով, նախանշված ժամկետից 3 ամիս շուտ ծնված փոքրիկը եղել է մահամերձ վիճակում, սակայն սկսել է ապաքինվել, երբ բժիշկները հանձնել են նրան ծնողներին` վերջին հրաժեշտի համար, գրում է LifeNews-ը:
Ֆինլի անունով տղայի առողջական վիճակը կտրուկ վատացել է ծնվելուց 2 օր անց. թթվածնի քանակը նրա արյան մեջ զգալի նվազել է` հասնելով կրիտիկական 30 %-ի, ինչից հետո բժշկները, կանխատեսելով նրա մոտալուտ մահը, հանձնել են երեխային ծնողներին` վերջին հրաժեշտ տալու:
Ծնողների գրկում հայտնվելուց մի քանի րոպե անց Ֆինլիի առողջական ցուցանիշները միանգամից լավացել են, ինչն ուղղակի ապշեցրել է բժիշկներին. ըստ նրանց` միակ բանը, որ անհրաժեշտ է եղել փոքրիկին` սիրող ծնողների հպումն էր:
Այնուհետև ոգևորված ծնողները 4 ժամ շարունակ, իրար փոխարինելով, գրկում են պահել տղային, ինչից հետո թթվածինը նրա արյան մեջ հասել է նորմային համապատասախանող 80%-ի:
Այժմ տղան կշռում է 1.36 կգ, իսկ նրա վիճակը գնահատվում է կայուն և սեպտեմբերին նրան հավանաբար դուրս կգրեն հիվանդանոցից:









