Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ Ծաղկաձորում

14:01 • 23.07.12

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» (World Vision) միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հուլիսի 16-21-ը Ծաղկաձորի Գրողների տանն անցկացրել է կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց, այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից:

 

Ծրագրում ընդգրկված էին շուրջ 150 ուսուցիչներ հայաստանյան բոլոր թեմերից:


Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և ,Վորլդ Վիժնե-ի հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության և Եկեղեցու հետ կապերի պատասխանատու տիկ. Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարևորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս են հայտնել, որ այն շարունակական և առավել ընդգրկուն կլինի:

 


Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության, Սուրբ Գրքի և եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվել են ինչպես հոգևորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից:

 

Առաջին անգամ դասընթացի շրջանակներում Արարատյան Հայրապետական և Արմավիրի թեմերի ուսուցիչները ներկայացրել են օրինակելի դասեր, որոնց հետևել են մեթոդական քննարկումներ:

 


Դասընթացի ավարտին ուսուցիչները Կեչառիսի վանքում մասնակցել են ուխտի Սուրբ Պատարագին: