Անփառունակության 15 րոպեները. «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» ֆիլմի քննախոսականը (լուսանկարներ)
Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (15 րոպե, Հայաստան, 2011թ.) կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրվեց նաև «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում, միանգամից մի քանի լավ պատասխաններ կարող էր առաջարկել այն հանդիսատեսին ու մասնագետներին, որոնք պահանջներ են ներկայացնում ժամանակակից հայ կինոյին: Մասնավորապես նրանց, ովքեր տրտնջում են, օրինակ, թե դասական / գրական գործերի հիման վրա բան չի նկարահանվում կամ էլ նույն դեմքերն են «շրջանառվում» ֆիլմից ֆիլմ: Այս աշխատանքը, նշվածից բացի, որոշակիորեն նաև այլ վաստակ ունի:
Ինքը` Մալյանը, կարծես այլ «մեղավորներ» է փնտրում: Սակայն ոչ թե ժամանակակից հայ կինո ասվածում, այլ բիբիլական անցյալում. «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» էկրանավորում է` Աղասի Այվազյանի ոչ այդքան հայտնի «Դանիել Մշտաբնակը» պատմվածքի մոտիվներով: Վերջինս իր հերթին աղերսներ ունի մեկ այլ գրքի` Սուրբ Գրքի հետ, բայց միաժամանակ «ապոկրիֆիկ» (ապոկրիֆները Աստվածաշնչի սրբագործված ամբողջությունից դուրս թողնված ստեղծագործությունները, տեքստերն են) բնույթի է: Այս պատումի մեջ ևս կա հյուսն, որը որդու ծննդին է սպասում, սակայն հյուսնի անունը Դանիել է, ոչ Հովսեփ, ընտանիքին հայտնվող միակ հրեշտակները նույն ընտանիքի հրեշտակադեմ դուստրերն են, իսկ նրա կինը հղիացած է հենց իրենից (ամենևին էլ ոչ Սուրբ հոգուց): Հղի կինը, առհասարակ, լիարժեք, «միս ու արյուն» է. ժամանակակից կնոջը բնորոշ վճռականությամբ այս գրեթե աստվածաշնչային հերոսուհին «սեքս շանտաժի» է ենթարկում սեփական ամուսնուն (երբ վերջինս փորձում է քնքշանք գտնել նրա ծոցում)` «հաց հանապազօրյա»` «ամուսնական պարտքի» դիմաց` մի տեսակ կենցաղային-սերիալային սկզբունքով (չնայած պատկերագրությամբ էլ հերոսուհին Վերածննդի դարաշրջանի ոճով Մադոննա է հիշեցնում): Սերիալներում նկարահանված գլխավոր դերակատարը` հյուսնը` ի դեմս, իրական կյանքում տաքսու վարորդ Առնոլդ Ղազարյանի, փնթփնթան կնոջ պահանջի մղումով հետամուտ է լինում «հանապազօրյա հացի խնդրի» լուծմանը. ինչպես պատումի զարգացումն է ցույց տալիս հյուսնը խաչ է պատրաստում, որը կրած Գողգոթայի իր ճանապարհն է անցնում Հիսուս Նազովրեցին, ինչը տեսնում է հյուսնի ու հղի կնոջ աղջիկը` իրենց գետնափոր տան լուսամուտից...
Ռեժիսորը ընդհանրապես այս` ոչ այնքան «սրբազան ընտանիքի» ընդհանուր առմամբ բավական լուսավոր անդամներին «տեղավորել է» կամերային զարգացումների համար շատ հարմար կիսախավար նկուղային հարկում` նրանց կացարանում. իսկ բուն` հայտնի աստվածաշնչային անցքերը ծավալվում են նրանց պատուհանից այն կողմ. մի կողմից կինոպատման հերոսները ուղղակի առնչություն չունեն դրանց, մյուս կողմից նրանց դերը առավել քան վճռորոշ է: Որդու ծննդին սպասող հյուսնը հայտնի դեպքերի անհայտ, մութ կողմն է և կրողը: Հիսուս Նազովրեցու մահվան երթից հետո ընտանիքը ծիսական լվացում է անցնում, սակայն հյուսնի վրայի արնահոսող վերքերը` առեղծվածային ստիգմատների նման, անլվալի են: Պատկերավոր ասած Մալյանի 15 րոպեանոց աշխատանքը ոչ թե փառքի, այլ անփառունակության քառորդ ժամի մասին է, (երկնային փառքը թերևս անժամկետ է): Հյուսնը շարունակում է սպասել որդու ծննդյանը, իսկ հայ կինոսիրողը չի դադարում սպասել հրաշքի և առայժմ մասնակից է մի տեսակ միստերիայի:
Ամբողջ ֆիլմը կառուցված է միստերիայի ոգով, միայն թե ներկայացված է ոչ թե քաջ հայտնի սյուժե, ինչպես ընդունված է, այլ դրա լուսանցքային մի դրվագ: Այս զգացողությանը նպաստում է մասնավորապես ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Սամվել Սարյանն է: Ինչ վերաբերում է դերակատարներին, ապա ուրախալի է, որ ռեժիսորը նախապատվություն է տվել ոչ «ծեծված» դեմքերի` ի դեմս արդեն նշված տաքսիստի կամ ավելի շատ հեռուստատեսային կրկնօրինակումներից հայտնի Քրիստինե Հովակիմյանի: Պետք է հաշվի առնել նաև, որ սա թատրոնի ռեժիսոր Նարինե Մալյանի ֆիլմոգրաֆիայի 4-րդ աշխատանքն է, այն էլ` մեկ տասնամյակ դադարից հետո: Եվ պատահական չէ, որ Մալյանը «ապավինել է» հայ կինոյի թերևս ամենակինեմատոգրաֆիկ հեղինակի` Աղասի Այվազյանի (Հ. Մաթևթոյանի հետ մեկտեղ) գործին, որի սցենարներով են նկարահանվել «Եռանկյունին», «Խաթաբալան», «Ձայն բարբառոյ»-ն և այլն:
Չնայած մի շարք պահանջներին, որ կարելի է առաջադրել ֆիլմին, նկարչի` Վարդան Սեդրակյանի աշխատանքը, մեծապես գովելի է, հատկապես գունային լուծումների առումով, որոնք ավելի շատ «խամրած» են, ժամանակակից ընկալումով, և այս առումով ավելի արժանահատվատ են դաձնում ստացված պատկերը (ինչպես հայտնի է գույների ներկայիս վառությունը 20-րդ դարի երկրորդ կեսի ձեռքբերում է, իսկ չափազանց վառ պատմական կոստյումներով կամ դեկորացիաներով դրամաները այնքան էլ արժանահավատ չեն` «անգույն» պատմության առումով): Սակայն այս «պատմական դրամայի» դեպքում, ինչպես նշված է ֆիլմի սինոփսիսում, այնուամենայնիվ պատմական արժանահավատությամբ լուրջ բացթողում կա: Խոսքը խաչի ձևի մասին է, որ տանում է Նազովրեցին. հայտնի է, որ այդ շրջանի խաչելության մոնումենտները` խաչերը, T-աձև են եղել, իսկ մեզ հայտնի +-աձևությունը ավելի ուշ ժամանակների ու ավելի շատ գեղարվեստական ձեռքբերում է: Այս առիթով այսօր իր ասելիքը կունենար նաև գերմանացի գիտնական Գեբելը:
Գերմանացի բուսաբան Կառլ Գեբելին օրերից մի օր իր մոտ է կանչում ծանոթ գեղանկարիչը` գնահատելու իր նոր` «Մեղսագործություն» կտավը: Գիտնականը երկար զննում է կտավը և հանկարծ հայտարարում, որ գործն անհամոզիչ է:
-Ինչո՞ւ, - հարցնում է նկարիչը:
-Եվայի ձեռքի խնձորի տեսակը ստացվել է ընդամենը 80 տարի առաջ, - բացատրում է Գեբելը:
Ինչ արած, անգամ հրաշքի սպասող հայ հանդիսատեսը իրավունք ունի բծախնդիր լինել:
Դավիթ Պ. Վարդազարյան










