Քոչարի. «Երվանդ Քոչար. տարածական նկարչություն» ֆիլմի քննախոսականը (լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ «Երևանյան պրեմիերա» խորագրով ներկայացվեց Ռուբեն Քոչարի ֆիլմը Երվանդ Քոչարի տարածական գեղանկարչության մասին: Այս ֆիլմի առնչությամբ կարելի է մատնանշել մեկ միտում, որ այս տարի վառ դրսևորվեց փառատոնի վավերագրական ֆիլմերի բաժնում. մեծանուն մի շարք հայերի ժառանգներ նրանց մասին կինոպատմություն էին ներկայացրել` Ռուբեն Քոչարը` Երվանդ Քոչարի, Կոզիմա Սփենդերը իր պապ Արշիլ Գորկու, Սյուզան Խարտալյանը` իր տատի (որը «Տատիկին դաջվածքներից» հետո թերևս ամենահայտնի ցեղասպանություն վերապրողն է):
«Երվանդ Քոչար. տարածական նկարչություն» ցուցադրման ժամանակ «Ոսկե ծիրանը» իր լավագույն ավանդույթներից մեկը դրսևորելու հնարավորություն ունեցավ` երբ հանրահայտ կինոգործիչները հանդես են գալիս իրենց գնահատականով, պատմում եզակի հուշեր` կապված այս կամ այն մեծության հետ: Այս անգամ այդ առաքելությունը ստանձնեց Ուկրաինայում ապրող և ստեղծագործող անվանի ռեժիսոր Ռոման Բալայանը: «Քոչարից» առաջ նա կարճ ու առակի հավակնող խոսքով հանդես եկավ.
«Ես դիլետանտ եմ գեղարվեստում, սակայն 63-65 թթ. մշտապես հանդիպել եմ Քոչարին «Արագիլ» սրճարանում: Նա գալիս էր ծխամորճ ծխելու…Մենք մի խումբ երիտասարդներ գնում էինք նրան լսելու: Մեզնից ոչ ոք գեղարվեստի ինստիտուտի ուսանող չէր: Մենք ապագա դերասաններ, ռեժիսորներ էինք: Անհամեստ հիշողություն է, բայց նա բոլորից ինձ էր առանձնացնում: Ես մեծ ու ոչ գեղեցիկ բութ մատ ունեմ՝ թրակերպ: Նա ասում էր՝ (Բալայանը ռուսերենից անցնում է հայերենի) «Քանդակագործի մատ է»: Հապա ինչո՞ւ է ձեռնագուշակության մեջ ասված, որ դա մարդասպանի մատ է: Դա չի նշանակում, թե ես կարող եմ մարդ սպանել, բայց ցասման մեջ, կկարողանամ, այնպես որ՝ վախեցեք ու ինձ չնեղացնեք… Հետո ես սվորելու գնացի Կիև: Երբ նորից էստեղ էի, հանդիպեցինք, ասաց՝ «Ա’յ տղա, բոլորին հարցնում եմ` Ռոմիկն ո՞ւր է»: Ես պատասխանեցի. «Դե, հիմա Կիևում եմ սվորում ...»: Քոչարը նկատեց. «Հա, դժբախտաբար, հայ մարդը մարդ կդառնա Հայաստանից դուրս»: Մերսի»:
Հուշերի էստաֆետը Բալայանից «ստանձնեց» Ռուբեն Քոչարը` Քոչար ավագի մասին ի՛ր հուշերով. նա հիշեց Երվանդ Քոչարի այն խոսքը, որի համաձայն հայրենիքը չամիչով քաղցրաբլիթի պես է և չես կարող միայն միջի չամիչը հանել-ուտել, պետք է ամբողջն ուտես: Ըստ Ռուբեն Քոչարի` հայրն այս օրինակը բերել է մի մարդու, որին փորձել է տարհամոզել լքել Հայաստանը:
Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա Ռուբեն Քոչարը հետևյալն ասաց. «Կարծում եմ, ի վերջո, ինձ հաջողվել է ցույց տալ և բացատրել` Քոչարն ինչ էր ուզում ասել տարածական նկարչություն ասելով»: Իրականում ռեժիսորն արել է ավելին, բայց, այնուամենայնիվ, ոչ բավարար (այս առումով ճիշտ կոնտրաստ էր ստեղծում անմիջապես «Քոչարից» հետո ցուցադրված «Գորկին»): Քոչարի դեպքում ավելիին հավակնելը գուցե սին պատրանք է: Էլ չասած, թե ինչ բարդ, «սիզիփոսյան աշխատանք» է ժառանգի համար` իր փառավոր նախնուն ներկայացնելը:
Քոչարը Քոչարի մասին պատմելով հանդիսատեսին բազմաթիվ բացառիկ պահեր է պարգևում` թույլ տալով հայտնի «Մելանխոլիան» տեսնել դեռ արվեստանոցում, առանց պատվանդանի: Ինչպես նաև` տեսնել Քոչարի շատ աշխատանքներ մեկտեղված, լսել Քոչարի խոսքը, այդ թվում` մեջբերումներ, օրինակ, Անատոլ Ֆրանսից, մեջբերումներ ու դատողություններ` հենց իրենից`Քոչարից: Չափազանց շատ են նաև արվեստի մասնագետների խոսքերը` Քոչարի մասին, ինչը ֆիլմը գուցե անգնահատելի է դարձնում նեղ մասնագիտական շրջանակների համար:
Այդուհանդերձ ֆիլմը մնում է «մեկ գլուխգործոցի պատմություն»: Խոսքը Քոչարի 1927-ի գործերից մեկի մասին է, որը ֆիլմի առանցքում է: Սա 1928-ին 14 այլ աշխատանքների հետ ներկայացվել է Փարիզի Van Leer պատկերասրահում` Les Pentures dans l`espace de Kotchar («Քոչարի տարածական նկարչությունը») խորագրով: Դրանք ամփոփում էին պլաստիկ և գեղարվեստական նոր արտահայտչամիջոցներ, որտեղ ժամանակը ներակացված է որպես հավելյալ` չորրորդ չափում:
Այսօր, երբ քառաչափ պատկերը սովորական բան է, առավել հետաքրքիր է հետևել արվեստում եռաչափությունից քառաչափություն անցման պատմական ջանքերին, որի ակունքներում մեծ հայն է: Հանդիսատեսին ասես չեն բավականացնում աչքերը` հետևելու, թե ինչպես է Քոչարը փորձում ձերբազատվել հարթ մակերևույթից և միաժամանակներ դատողություններ անում դրա վերաբերյալ: Վարպետն ասում է, որ տարածական նկարչության հայտնագործումը հնարավոր չէր լինի Վերածննդի դարաշրջանում կամ 18-րդ դարում: Իսկ մեր օրերում հնարավոր է, քանի որ մարդու աչքը ձևախախտել է աշխարհի պատկերը: Իր` Քոչարի համար հիմնական մղում է եղել «մարդուն տարբեր կողմերից ցույց տալու պարզունակ ցանկությունը»: Ըստ իս` այդ պարզ ցանկության և ոչ այնքան պարզ գործի դեպքում Քոչարի հաջողելը պայմանավորված է մեծապես նրա` քանդակագործ լինելու հանգամանքով:
Պետք է կարծել` այսօր այդ պատկերները, ոչ ի վնաս դրանց «տարածական ամբողջականության», որսալը և ցուցադրելը առանձին մարտահրավեր է եղել` օպերատորական աշխատանքի առումով: Մնում է հուսալ, որ հայկական կինոյի այս և առաջիկա այլ ձեռքբերումների համար Քոչարի հայտնագործության կայացման ուղին անցնելու համար անհրաժեշտ ժամանակից ավելի կարճ շրջան կպահանջվի:
Չէ՞ որ, փաստորեն, Քոչարը տարածական նկարչությունը ստեղծել է անցած դարի 20-ականներին (երբ դրա համար կարող էին հալածել արվեստագետին), վերահայտնագործել 60-ականներին, իսկ Հայաստանում լայն շրջանակները առնչվել` միայն 21-րդ դարում, երբ 2011-ի գարնանը աշխատանքը Փարիզի Minotaure պատկերասրահից բերվեց Երևան (դա պահվում էր ֆրանսիացի հայտնի հավաքորդ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում):
Դավիթ Պ. Վարդազարյան










