«Իմ Հայաստան» փառատոնի անհատ կատարողներն արդեն Հայաստանում են

14:02 • 30.07.12

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի երկրորդ մասի մասնակիցների:


Փառատոնի երկրորդ մասում ընդգրկված են անհատ կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից:


Բացմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ողջունեց բոլոր մասնակիցներին և հորդորեց ավելի երկար մնալ հայրենիքում:


«Կուզենամ անհատ կատարողների փառատոնը ոչ մի կերպ չզիջի պարարվեստի փառատոնին: Հուսամ ձեր կատարումները կմտնեն մեր հոգիները և այլևս դուրս չեն գա: Ցանկանում եմ, որ ելույթներ ունենաք ոչ միայն երևանյան բեմերում, այլ աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց նախարարը:

«Ես ուզում եմ, որ դուք անպայման լինեք Եռաբլուրում ու Էջմիածնում: Նաև շատ լավ կլինի, որ բոլորդ երգեք Գառնի տաճարի սյուների տակ»,-ասաց Հրանուշ Հակոբյանը։


Փառատոնը կազմված է չորս մասից: Առաջին մասի շրջանակներում Հայաստան էին ժամանել աշխարհի տարբեր ծայրերից 34 պարային խմբեր՝ ավելի քան 1700 մասնակիցներով: Անհատ կատարողների փառատոնի ավարտից հետո Հայաստան կգան հայկական երգչախմբեր, իսկ սեպտեմբերին առաջին անգամ կմեկնարկի դուդուկի փառատոնը:


Անհատ կատարողների թիվը հասնում է շուրջ 40–ի: Նրանց մեջ են դաշնակահարներ, շվիահարներ, իսկ մեծ մասը երգիչներ են:


Փառատոնի երկրորդ մասի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, իսկ փակումը՝ օգոստոսի 5-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:


Այս մի քանի օրերի ընթացքում անհատ կատարողները համերգներով ելույթ կունենան Գյումրիում ու Աղավնաձորում: