Պտոյտ մը Պոլսոյ թաղերու մէջ. «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի քննախոսականը

23:45 • 30.07.12

Հայ կինոիրականության վերջին ամենաինքնատիպ դրսոևորումներից մեկը լիբանանահայ ռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» վավերագրական ժապավենը կարելի է համարել` ի դեպ Հայաստանի, Թուրքիայի և Լիբանանի համատեղ արտադրության ֆիլմ: Աշխատանքը Ստամբուլ լիբանանահայ մոդեռնիսկ պոետ Սաքո Արյանի ուղևորության արձանագրությունն է, որտեղ նրա մշակութային և գրական արմատներն են, որոնց շոշափումը այսօր սակայն պետք է որ մեծ դժվարություն ներկայացնի սփյուռքահայի համար` նախևառաջ երկմտանքի առումով: Հենց սկսզբից հանդիսատեսը տեսնում է, թե ինչ տարակուսանքի մեջ է գրողը` «ձգե՞լ կոշիկները Պոլիս», թե՞ ոչ:

 


Հուրախություն հայ / արևմտահայ հանդիսատեսի ֆիլմի հերոսը` պոետ Արյանը, այնուամենայնիվ, վճռում է ձեռնարկել իր` ինչպես ինքն է ասում «մեկ դար հետաձգված ուղևորությունը»` ֆիլմի տևողության 64 րոպեների ներածին չափով համապարփակ ձևով բացահայտելով հայերի համար ամենակարևոր քաղաքներից մեկը` Ստամբուլը` և ամենևին էլ ոչ «Ստամբուլը արյան ծով դարձնելու» տրամադրություններով:

 


Քննախոսականը գրելու ամենասկզբից մտածում էի ամեն կերպ խուսափել «սփյուռքահայ», «արևմտահայ«, «արևելահայ» ու նման բաժանարար ձևակերպումներից, բայց ապարդյուն. ֆիլմ այնուամենայնիվ արևմտահայի, սփյուռքահայի որոնումների մասին է, թերևս նրա «սրբազան պարտականության», որ գուցե անհասկանալի լինի շատ արևելահայերի (չնայած այն բանին, որ նրանք էլ իրենց նմանատիպ որոնումներն են ծավալում Թիֆլիսի կամ Մոսկվայի պես քաղաքներում): Ուստի այս իմաստով, չնայած համատեղ արտադրություն լինելուն, ֆիլմը «արևմտահայկական» է, չնայած ավելի շատ օգտակար ու, պարադոքսալ ձևով, միանշանակ ավելի հետաքրքիր կարող է լինել հենց հայաստանցիներին. հայկական Ստամբուլը բացահայտելու կարևորությունը որևէ գիտակից հայի համար խիստ կարևոր զբաղմունք պետք է լինի` մանավանդ այս օրերին: Եվ այս ֆիլմը ընձեռում է այդ հնարավորությունը:

 


Արյանը ակամա հանդես է գալիս իր հանդիսատեսի «գիդի» դերում` նրան ու ռեժիսորին էլ ուղեկցելով «Պոլսոյ թաղերու մեջ»` հին հայկական գերեզմանատներից մինչև այսօր հայաշատ Շիշլի ճոխ թաղամաս: Արյանը հանդիպում է բազմաթիվ մտավորականների ու սովորական մարդկանց, հայերի (որ խոսում են թուրքերեն, աղոթում ու երգում հայերեն) և թուրքերի (որ բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության մասին): Նա տեսնվում է Ստամբուլի հայ ուսանողների հետ (այնքան շատ, այնքան գեղեցիկ) և լռում մեծ մտավորականների շիրիմների առաջ ու նաև... խրոխտ երգում հենց գերեզմանատանը: Ֆիլմը, առհասարակ, աչքի է ընկնում իր երաժշտական հատվածներով, ճաշակով հնչյունային ձևավորմամբ և բավական երաժշտական է. եզրափակվում է Աննա Մայիլյանի կատարմամբ «Ինձ մի խնդրիր»-ով ` ասես համահունչ Արյանի այն մտքին, թե Ստամբուլը/Պոլիսը «քաղաքն է, որ ուզեց կասեցնել երակներուս հոսող արյունը, սա է քաղաքը որ զիս իր գրկին կուզե կրկին»:

 


Պարոնյանի հայտնի երկի վերնագրի ոգով` Արյանը «Պտոյտ մըն» է ձեռնարկում «Պոլսոյ թաղերու մէջ» (և իր ձոնն անում Բոսփորի գեղուհուն), բայց արդեն ոչ թե 19-րդ դարում, այլ 21-րդ, երբ հայը գիտի, որ Ստամբուլ-Պոլիսը «ցանկացել է կասեցնել իր արյունը» և , սակայն, «կրկին իր գիրկն է կանչում», երբ, «Պոլիս» արևմտահայերեն ձևն իսկ մի տեսակ ժամանակավրեպ է թվում: Սակայն արևմտահայերենը և սփյուռքահայ կինոյի լեզուն, մեր կինոյում, կիրառության այնքան տեղեր ունեն: Եվ քանի դեռ պոետները Ստամբուլի գրկում/ճիրաններում իրենց որոշելիքն ունեն, համատեղ արտադրության նման ֆիլմերը շատ ու շատ կինոգործիչների համար ստեղծագործելու լավագույն խթանը կարող են դառնալ:

Դավիթ Պ. Վարդազարյան