Կապույտի նրբերանգներով. «Ինձ աշուղ են ասում» ֆիլմի քննախոսականը
Ինչպես լինում է միջազգային փառատոների դեպքում, դրանց ավարտից հետո կրքերն էլ ավելի թեժ են. պատճառը` մրցանակ ստացած և չստացած ֆիլմերն են: Բացառություն չէ նաև «Ոսկե ծիրանը»: Սակայն նման փառատոների մասին միայն մրցանակներով ու պարգևներով դատելը ճիշտ չէր լինի` նախևառաջ կինոարվեստի հանդեպ, որի համար կինոյի փառատոները մի տեսակ վերջին հանգրվան են դարձել: Հայկական ֆիլմերի դեպքում, թերևս առանց չափազանցության, այդպես էլ կա:
Մրցանակով չնշանավորված, բայց դրանից ոչ պակաս դիտարժան պետք է համարել 9-րդ «Ոսկե ծիրանի» «Ազգային մրցույթում» ներկայացված այնպիսի ֆիլմ, ինչպիսին է Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում» աշխատանքը (31 րոպե, Հայաստան, 2012)` կայտառ ծերունի Քոչար Քոչարյանի կյանքի պատմությունը: Խուդոյանի հերոսը աշուղ է, տաղահավաք, արտահայտչամիջոցները` մինիմալիստական, չափավոր էթնիկ, ասելիքը` զուսպ, ոչ պաթետիկ, գեղագիտությունը` յուրատիպ, ոչ կլիշեավոր: Ռեժիսորը տուրք է տալիս կապույտին` դեռևս մեր մանրանկարներից եկող ամենահետաքրքիր գույնին` ասես դրա միջոցով «ընդգծումներ» անելով հայ գավառականության բառի բուն և փոխաբերական իմաստներով համընդհանուր գորշության ու միապաղաղության կտավին. սարդոստայնապատ կապույտ փեղկեր, մերկ ճյուղերի կողմից «ճանկրտվող» անվրդով կապույտ երկինք, խզբզած մակերևույթով կապույտ դուռ...
Ֆիլմը հագեցած է մի շարք` նախ և առաջ էսթետիկ առումով արժեքավոր տեսարաններով. կուտակված խաշամի այրման տեսարանը, երբ կրակ` որպես այդպիսին, չկա, բայց ծուխն աշխարհ է բռնել, և դրա մեջ մի հեթանոսական, հեռավոր ու պոետիկ բան կա: Դժվար է ասել, թե Խուդոյանն ինքը ինչ աստիճանի այլաբանական ենթատեքստ է դրել իր կառուցած տեսարանների մեջ, բայց հաճախ դրանք ազդու և տպավորիչ են ստացվել, ինչպես, օրինակ, ծերունի աշուղի մենախոսություններից մեկը` հին ծառերի չորացած արմատների մոտ նստած: Ֆիլմի ամենագեղեցիկ տեսարանը պատկերագրության մեջ ընդունված ավանդական «տրիպտիխ»` եռապատկեր է հիշեցնում` ոչ ավանդական պերսոնաժներով. ասես շրջանակների նմանվող կապույտ ճաղերից այն կողմ հերոսն է, նրա մուսան և... նրանց հորթուկը:
Միանգամից մի քանի կտրվածքով խիստ կարևոր է թվում հետևյալ դրվագը Քոչար պապի մենախոսությունից, թե ինչպես է ինքը ձի թամբել, որ գնա-փախցնի «նախագահի աղջկան»: Եվ այդ պահին լսել է Շերամի «Դու իմ մուսան ես» գործը: Հուրախություն հանդիսատեսի ռեժիսորը «թույլ է տալիս», որպեսզի նա կատարի այդ շքեղ գործը` այն ոճով, որ սովորաբար անում են տարեցները` իրենց կերկերուն ձայնով վերստին իմաստավորելով քաջ հայտնին և գուցե հոգեհարազատության զգացողություն առաջացնելով որոշ հանդիսատեսների մոտ (նույն յուրաձևությամբ, կերկերուն, դողդալի ձայնով երգում էր նաև տատս): Հետարքիր էր նաև առաջացած ասոցիացիան. երիտասարդը ընթացող ձիու վրա երգում է «Դու իմ մուսան ես»` մի երգ, որը երևի յուրաքանչյուր հայ մի որևէ արտասովոր իրավիճակում լսել կամ երգել է (ես, օրինակ, հատկապես սիրում եմ այդ երգը լսել սափրվելու ծեսի ժամանակ): Հետաքրքիր է, որ հերոսի մուսան` տիկին Մերին, հիմնականում լուռ է (ի տարբերություն հերոսի, որի խոսքի յուրաձևությունը աղաղակային է. հերոսը իր խոսքի ոճով հեքիաթասաց է հիշեցնում, որը սեփական կենսագրությունը ոչ այնքան պատմում է, որքան հռչակում): Հեղինակը միայն իր գործերից չէ, որ կատարում է. նրա «Տեր ողորմյան» հատկապես հետաքրքիր է հնչում եկեղեցու պատերի` քամուց տատանվող բուսականության ֆոնին: Կոնկրետ այդ տեսարանը մի տեսակ լքվածության տրամադրություն է հաղորդում: Նմանապես` նաև աշնան ծառերի վրայի թռչունների դատարկ բույների տեսարանը:
Հերոսի կենսագրության կինոշարադրումը` իր կցկտուր ձևով, հետաքրքիր աղերս ունի հին աշուղների, առհասարակ պատմական գործիչներից մեզ հասած կենսագրականներին, որոնք ոչ միշտ են լիարժեք, մի կողմից չեն ամբողջացնում կերպարը, մյուս կողմից ներկայացնում են ամենատիպական դրվագները նրանց կյանքերից. որտեղ են ծնվել, սովորել, ինչ են լսել, որտեղ են նվագել, ումից են ազդվել, ովքեր են եղել նրանց մուսաները...
Աշուղ Քոչարը (նրա աշուղական անունը կարծես չի հիշատակվում և առհասարակ հերոսը` որպես աշուղ, թույլ է բացահայտված, ցավոք) հետաքրքիր դրվագ է հիշում 1930-ականներից իր քրոջ հարսանիքից, որի ժամանակ ոչ մի հայկական երգ չէր հնչել, ինչը վրդովեցրել էր նրան. սա հետաքրքրական ակտուալություն է հաղորդում հերոսի խոհերին: Այսօր մենք լսում ենք «հայկական երաժշտություն»` հարսանիքներին էլ, ամենուր էլ, սակայն արդիական է մնում հարցը, թե որքանով է հայկական այն ամենը, ինչ լսում ենք: Հետաքրքրականորեն գուսանական երգը, լինելով արևելյան աշուղական արվեստի ճյուղ, դարձրել է այն քիչ երևույթներից, որի ազգային, հայկական էությանը, բացարձակ արժեք լինելուն ոչ ոք չի կասկածում: Աշուղը պատմում է, թե ինչպես է ինքը փորձ արել փրկել հայկական երգերը. այս դրվագը թերևս արդեն որպես պատգամ է հնչում: Իսկ գոնե սերունդների շարունակականության գաղափարը հեղինակն արտահայտում է կարծես հետևյալ դրվագով. տկար պապի սենյակ է «ներխուժում» աշխույժ թոռնիկը, որի համար պապը մի հին եղանակ է դնդնացնում ու ծափ զարկում, իսկ նա պարում է: Սակայն, ընդհանուր առմամբ ստատիկ այս ֆիլմում պատումն առաջ է մղում հենց աշուղ Քոչարը` հին գլխարկով, վերարկուով ու ձեռնափայտով տեսարանից տեսարան անցնելով և եզրափակիչ տեսարանում շրջվելով դեպի օբյեկտիվը, ձեռքը հուսահատորեն թափահարելով ու բացականչելով` էէէէհ...
Դավիթ Պ. Վարդազարյան










